կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 11:12
Սպորտ

Հայ մարզիչները Քյոլնում են

Հայ մարզիչները Քյոլնում են

Արդեն տեղեկացրել էինք, որ ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանն ուղևորվել են Գերմանիայի Քյոլն քաղաք, որտեղ մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը:

 

Ինպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Քյոլնում  նրանց է միացել նաև ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական տնօրեն Ֆլեմմինգ Սերիցլևը:

 

Այս փուլի ընթացքում, որը կտեւի մեկ շաբաթ, դասընթացի մասնակիցները կծանոթանան «Բայեր 04» Լեվերկուզեն և «Բորուսիա» Մյունխենգլադբախ ակումբների ենթակառուցվածքներին, հանդիպումներ կունենան թիմերի տեխնիկական տնօրենների, գլխավոր մարզիչների, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմերի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն Գերմանիայի 1-ին և 2-րդ Բունդեսլիգայի մի քանի հանդիպումներ:

 

Ծրագրի առաջին օրը հայ մարզիչները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալ գերմանական «Բայեր 04» Լևերկուզեն ակումբի ենթակառուցվածքներին, հանդիպել գերմանական ակումբի տեխնիկական տնօրեն և ֆիզիկական պատրաստության գծով պատասխանատու Յուրգեն Բրոյխի հետ:

 

Երեկոյան ՀՖՖ պատվիրակությունը՝ ամբողջական կազմով, ներկա է գտնվել Գերմանիայի 2-րդ բունդեսլիգայի «Դույսբուրգ»- «Քյոլն» հանդիպմանը:

Ապրիլի 24-ին մարզիչները, բաժանվելով 2 խմբի եղան համապատասխանաբար Լևերկուզենի«Բայերի» և Մյունխենգլադբախի մարզադաշտերում, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ թիմերի մարզիչների հետ: ՊՐՈ դասընթացների մասնակից հայ մարզիչները հնարավորություն ունեցան նաև հետևել գերմանական ակումբների մարզումային պրոցեսին, ծանոթանալ 2 ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպմանը: