Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ քարոզչական խումբն այսօր հանդիպում էր կազմակերպել Շենգավիթի վարչական շրջանում՝ Խարբերդի ընտրողների հետ: ՀՅԴ անդամներն առաջին անգամ չէ, որ այստեղ են, նախորդ տարիների հանդիպումներում բնակիչների հայտնած բազմաթիվ դժգոհություններ կուսակցության ներկայացուցիչները բարձրացրել են Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առջեւ՝ որոշակի լուծումներ արձանագրելով: Սակայն այդ լուծումներն ավելի փոքր են եղել, քան խնդիրների կուտակման արագությունը:
«Որոշ խնդիրներ լուծվել են, օրինակ` տրանսպորտի հարցը, որ ձեզ միշտ անհանգստացրել է: Որոշ հարցեր լուծման ճանապարհին են, բայց լուրջ ու մեծածավալ խնդիրները դեռեւս մնում են չլուծված: Հասել է ժամանակը, որ այն, ինչ չկարողացանք անել ԱԺ-ի մեր միջնորդական հնարավորություններով, անենք անմիջական կերպով՝ ունենալով ավագանի, քաղաքապետ»,- հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով` Երեւանում քաղաքային իշխանության փոփոխությունն անչափ կարեւոր է. «Այն, ինչ այսօր գոյություն ունի, այդ ցավերի, դժվարությունների, չլուծված խնդիրների մի մասը նրանով է պայմանավորված, որ կառավարություն-քաղաքապետարան հակակշռում չկա, քաղաքապետարանը կրկնում է այն, ինչ ասում է կառավարությունը, չկա իշխանություններին հակակշռում եւ զսպում, եւ քաղաքացիների շահերը մնում են անպաշտպան: Այս ամենը կփոխի ընդդիմադիր քաղաքապետը, որովհետեւ դուք հենարան եք, եւ նա ամեն ինչ անելու է, որ իր հնարավորությունները ճիշտ իրականացնի»:
Այդ լիազորությունը, ըստ Արմեն Ռուստամյանի, քաղաքապետը չի իրականացնում, քաղաքացու շահերը չի պաշտպանում որեւէ գերատեսչության առաջ. «Դա տեղի չի ունենա, եթե նորից գնանք եւ պաշտպանենք նույն մենիշխանությունը: Նախագահը` նույն կուսակցությունից, կառավարության մեծամասնությունն ու վարչապետը` նույն կուսակցությունից, Ազգային ժողովի նախագահը` նույն կուսակցությունից: Այս վիճակը քանի չի փոխվել, քանի դեռ նույնացած են իշխող կուսակցությունն ու պետությունը, լուրջ ակնկալիքներ ունենալ հնարավոր չէ»:
ՀՅԴ նախընտրական ծրագիրը, Արմեն Ռուստամյանի խոսքերով, խորքային բարեփոխումների ուղեցույց է, եւ կուսակցությունը կարող է լրջորեն փոխել քաղաքի ներկա պատկերը, եթե ունենա վստահության քվե: «Կազատվենք այս մենիշխանությունից, կազատվենք այս վիճակից, որ ժողովուրդը օտարված է իշխանությունից եւ կունենանք այն կառավարությունը, որը կծառայի ժողովրդին: Յուրաքանչյուր թաղամաս կզգա փոփոխությունը: Կտեսնեք վերափոխված համայնք ու Հայաստան: Այս վստահությամբ ենք գնում դեպի ընտրություններ, եւ ճիշտ հակառակ տրամադրություն են ստեղծում իշխանությունները՝ ասելով, թե կենցաղսպասարկման խնդիրներից այն կողմ չպետք է դիտել այս ընտրությունների նշանակությունը: Ինչպես գյուղապետ ենք ընտրում, այնպես էլ՝ քաղաքապետ: Ո՞ւր էր, գոնե դա աներ, զբաղվեր կենցաղսպասարկման հարցերով, այսքան պրոբլեմ ձեզ մոտ եւ Երեւանում չէր լինի»,- ասաց Արմեն Ռուստամյանը եւ կոչ արեց գալիք ընտրությունները դիտել իշխանություններից ազատվելու եւս մեկ հնարավորություն. «Եթե դժգոհ եք, իսկ մեր ժողովրդի 80-90 տոկոսը դժգոհ է, ուրեմն գնացեք՝ «ոչ» ասեք այս իշխանություններին: Այս ընտրությունները վերածենք իշխանություններին անվստահության հանրաքվեի»:
Եթե քաղաքացիները անհրաժեշտ են համարում փոփոխությունները, ապա, ըստ քաղաքապետի թեկնածուի, պետք է ընտրեն Դաշնակցությանը: