կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 11:15
Առանց Կատեգորիա

''Յոլա տանելու'' վարչապետը

''Յոլա տանելու'' վարչապետը

Ապրիլի 18-ին կայացած` ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերի ժամանակ ՀՀ(Կ) նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ շարունակելու է վարչապետ աշխատել Տիգրան Սարգսյանը: Խորհուրդը, բնականաբար, մեկ մարդու նման «կողմ» է քվեարկել:

 

Այնպիսի կուսակցություն, ինչպիսին ՀՀԿ-ն է, ուր ներքին վերահսկողական եւ հակակշռման մեխանիզմները բացակայում են, չկա վարչապետի երկրորդ թեկնածու, որ առաջադրվի, եւ ներքին քննարկումների ու քվեարկության արդյունքում որոշեն առավել արժանավորին: Ընդարձակ ու «հզոր» այս կուսակցության մեջ նաեւ չկա մեկը, ով համարձակվի հայտարարել՝ պարո'ն նախագահ, վարչապետը, ախր, լավ չի աշխատում: Մանավանդ` անցած 5 տարիների ընթացքում նաեւ հանրապետականներից ենք բազմաթիվ դժգոհություններ լսել Տիգրան Սարգսյանի եւ նրա կառավարության գործունեության վերաբերյալ:

 

Հանրապետականներն ու անձամբ նախագահը, պարզվում է, գոհ են վարչապետից: «Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել հիմնական մարտահրավերները: 2012-ին նախագահը հստակ խնդիր էր դրել, որ տնտեսական աճը լինի ոչ պակաս, քան 7 տոկոս, եւ բոլոր խնդիրներով հանդերձ` Տիգրան Սարգսյանին դա հաջողվեց: Այս անգամ եւս նախագահը խնդիր է դրել վարչապետի առջեւ, որ տնտեսական աճը 7 տոկոսից պակաս չլինի»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց այդ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Տնտեսական աճը 7 տոկոս է, որովհետեւ այդպիսի խնդիր է դրել նախագա՞հը: Այսինքն` եթե Սերժ Սարգսյանը խնդիր դնի, որ տնտեսական աճը պետք է լինի 17 տոկոս, վարչապետը այդպիսի արդյո՞ւնք ցույց կտա, թեեւ 7 թիվը նկարողը կարող է դիմացն էլ 1 ավելացնել: Մանավանդ, որ Հայաստանում քաղաքացին մաշկի վրա չի զգում ո'չ միանիշ, ո'չ էլ երկնիշ թվերով տնտեսական աճը:

 

Այս ամենում ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Սերժ Սարգսյանը տարբեր խորհրդակցությունների ժամանակ մեկ անգամ չէ, որ Տիգրան Սարգսյանին մեղադրել է անգործության մեջ: Ամենադիպուկ օրինակը, թերեւս, 2012թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցությունն է, որտեղ Սերժ Սարգսյանը նյարդայնացել էր այնքան, որ քիչ էր մնում նախարարներին դիմի մականուններով: Իսկ անձամբ վարչապետին ասել էր. «... Այս առումով ես կառավարության աշխատանքը, Տիգրա'ն, շատ բացասական եմ գնահատում: Մենք 4 տարի` քեզ հետ խոսում ենք էս թեմաներով, չորս տարի` ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են, գնում են` 6 ամիս հետո լավ կլինի, մեկ տարի հետո լավ կլինի....»: Նախագահը դժգոհում է, որ վարչապետը 4 տարի շարունակ իր հանձնարարականը գետնովն է տվել, չի աշխատել, վարչապետն էլ կրկին ասում է, թե «այն բոլոր գնահատականները, որ Դուք տվեցիք, պարո՛ն նախագահ, սթափեցնող են եւ պարտադրում են մեզ բոլորիս էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում...»: Արդյունքը լինում է այն, ինչ 4 տարի շարունակ:

 

Կառավարության ղեկավարը թերացել է ղեկավարման 5 տարիներից 4-ում, բայց, արի ու տես, որ Հանրապետականը գոհ է: Եվ այժմ որտեղի՞ց նախագահին վստահություն, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարման հետագա տարիներին եւս իր հանձնարարականները չի անտեսելու: Համաձայն ենք, աշխարհի բոլոր վարչապետներն էլ ձախողումներ ունենում են, բայց երբ այդ ձախողումը լինում է 5 տարի անընդմեջ, եւ  ուրախության միակ առիթը «Դուինգ բիզնես»-ում մի քանի կետով առաջ գնալն է, այն էլ՝ թղթի վրա, ուրեմն միայն թղթի ու թվերի վրա ուրախացող ու վերլուծություն անող կառավարությունն անելիք չունի: Իսկ կառավարության տապալման միակ մեղավորը առաջիկա 5 տարիներին եւս շարունակելու է մնալ 2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Իսկ որ կառավարությունը տապալվելու է՝ ակնհայտ է, որովհետեւ այսքան դժգոհություններից հետո նույն անձին նշանակելը փաստում է, որ վարչապետ նշանակել են ուղղակի «յոլա տանելու» համար:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ