Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենցաղային վեճերի շարքում առանձնակի տեղ ունեն հարսի և սկեսուրի միջև տարաձայնությունները, որոնք որոշ ընտանիքներում երբեմն ուղեկցվում են ծեծ ու ջարդով: Իսկ ծեծվողի դերում, որպես կանոն, հանդես է գալիս հարսը:
Հարսին ծեծելու և խոշտանգելու երևույթը, ցավոք, մեր հասարակության մեջ այլևս նորություն չէ: Սակայն երբ հարսն է սկեսուրին ծեծում, այն էլ` ամուսնու օգնությամբ, այսինքն` որդին է ձեռք բարձրացնում մոր, ավելին` նաև տարեց տատի վրա, մեզանում խորթ երեւույթ է և կրկնակի դատապարտելի:
Ընտանեկան խոշտանգումների փաստով հարուցված նմանատիպ քրեական գործ է քննվում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում: Մեղադրական եզրակացության համաձայն` Գուրգեն Գրիգորյանն իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ ամիսներ շարունակ՝ 2012թ. փետրվարի 1-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառել ու խոշտանգել Գուրգեն Գրիգորյանի մորը` Թագուհի Գրիգորյանին, և տատիկին` Նազիկ Կարապետյանին, ովքեր նյութական կախվածության մեջ են Գրիգորյանից:
Սա նախաքննական մարմնի եզրակացությունն է, իսկ թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել, արդեն կես տարի է` փորձում է պարզել դատարանը:
Դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ընթացող այսօրվա նիստում հարցաքննվեցին տուժողի և ամբաստանյալի հարազատ Ռոզա Գրիգորյանը և նրանց հարևանուհի Նազիկ Տերտերյանը: Վերջինս աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և, նախաքննության համաձայն, ծեծի ենթարկված Նազիկ Կարապետյանին դեպքի օրը այդ հիվանդանոց են տեղափոխել:
Տերտերյանը դատարանին հայտնեց, որ այդ ընտանիքի հետ հազվադեպ է շփվել և նրանց վերաբերյալ բնորոշումներ չի կարող տալ: Վկան հայտարարեց, որ հաճախ է նրանց բնակարանից վիճաբանությունների ձայներ լսել և ստիպված հեռուստացույցի ձայնը բարձրացրել է, որպեսզի չլսի: Իսկ մի անգամ էլ աշխատանքի գնալիս տեսել է Թագուհուն` կապտուկներով, և երբ հարցրել է, թե ի՞նչ է պատահել, նա պատասխանել է, թե որդին է ծեծել:
Դատավորի հարցին, թե Թագուհին մորն ինչո՞ւ էր բերել հիվանդանոց և ինչո՞ւ էր դիմել հարեւանուհուն, վկան պատասխանեց, որ, ըստ Թագուհու պատմածի, որդին` Գուրգենն է հարվածել տատին, վերջինս վատացել է, և բերել են հիվանդանոց:
Հարևանուհին համառորեն պնդում էր, որ ինքը հիվանդանոցում երբևէ չի գնացել տատին տեսության: Սակայն, երբ դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը, մտաբերեց, որ այդ օրը մի պահ տեսել է հիվանդին, սակայն նրա մոտ ի՞նչ վնասվածքներ են եղել, չի տեսել:
Հաջորդ վկան` տուժողների և ամբաստանյալների հարազատ Ռոզա Գրիգորյանը, դատարանին պատմեց, որ Թագուհու բնակարան վերջին տարիներին չի այցելել, քանի որ ժամանակ չի ունեցել: Փոխարենը հայտնեց, որ Թագուհու որդին ու հարսը` գործով ամբաստանյալները, իրեն այցելել են և մոտ երկու ամիս բնակվել իր բնակարանում` պատճառաբանելով, թե վարձով բնակարան գտնելուն պես կտեղափոխվեն: Տիկին Ռոզան երիտասարդ ամուսիններին դրական բնորոշեց` ասելով, որ նրանցից որևէ վատ բան չի տեսել:
Վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ ամբաստանյալները նրա տուն են տեղափոխվել ամուսնության 3-րդ օրը: «Դե երևի յոլա չի գնացել սկեսուրի հետ, դրա համար էլ եկել էին մեր տուն»,- ասաց նա:
Ամբաստանյալ Սյուզաննա Գրիգորյանը հորդորեց վկային ամեն բան ասել. «Ռոզա հորքուր ջան, իսկ ինչո՞ւ չես ասում, որ երբ եկանք Ձեր տուն` ասացիր, որ սկեսուրս ներվային ա»:
«Ես ասել եմ, որ Թագուշը անմարդ երեխա ա պահել, ներվերը տեղը չի լինի: Գժի ես առել, գժի հետ էլ յոլա գնա»,- հայտարարեց տիկին Ռոզան: Դատավորի հարցին, թե ինչպե՞ս է ինքը իմացել Թագուհուն և նրա մորը ծեծելու մասին, Ռոզան պատմեց. «Թագուշը զանգեց ինձ և ասաց, որ հետս խոսելու բան ունի: Հանդիպեցինք «Ռոսիա»-ի այգում, և նա ցույց տվեց իր կապտուկները` ասելով, որ տղան է ծեծել: Պատմեց, որ ճնշում են, թույլ չեն տալիս հեռուստացույց դիտել»:
Դատավորի հարցին, թե չի՞ լսել, որ այդ վեճի պատճառը բնակարանն է, հարցաքննվողը պատասխանեց. «Հիմա բոլոր վեճերի պատճառն էլ բնակարանն է, համ էլ կարող ա էն էլ ա շատ բան ասել, հո չեմ կարող ենթադրել ինչից են վիճել»:
Դատարանն այսպիսով ավարտեց վկաների հարցաքննությունների փուլն ու հետազոտեց գործում առկա փաստական ապացույցները: Հրապարակվեցին տուժողների և ամբաստանյալների դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց` հաստատվել է, որ տուժող Թագուհի Գրիգորյանի դեմքին վնասվածքներ են հասցվել կոշտ, բութ գործիքներով, նրա և Նազիկ Կարապետյանի մարմինների տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ: Նրանց առողջությանը հասցվել է միջին վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Դատարանը հրապարակեց նաև ամբաստանյալ Սյուզաննա Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի` սկեսուրը ձեռքերով քաշքշել է հարսին, կծել նրա աջ և ձախ ձեռքերը, պարանոցի հատվածը, կրծքավանդակի վերևի հատվածը, ապակու կտորը պահել է հարսի կոկորդին` ասելով, որ կսպանի: Այս ապացույցների վերաբերյալ մեղադրող դատախազ Բարսեղյանն ասաց, որ առկա է քրեական հետապնդում չիրականացնելու որոշում: Իսկ տուժողն էլ ընդհանրապես հերքեց, որ նման բան է եղել:
«Հաճախ ամուսիններով էին վիճում, իրար քաշքշում, ծեծում: Ես նրանից 3 անգամ փոքրամարմին էի, ինչպե՞ս կարող էի ծեծել: Նրա ամուսինը (նկատի ունի որդուն) ծեծում էր կնոջը, ոնց որ ինձ: Համ էլ իմ ատամները դրած ա, ես ո՞նց կարող էի հարսիս կծել, դեռ ինքն ա իմ ձեռքը կծել: Ես նրան մարմնական վնասվածք չեմ հասցրել»,- նշեց Թագուհին:
«Տո մենակ մարմնակա՞ն, հոգեկան էլ ես հասցրել»,- ամբաստանյալի աթոռից արձագանքեց հարսը:
Տարօրինակ ծեծկռտուքներին հակասող մեկ այլ` ոչ պակաս կարևոր հետազոտության արդյունք ևս հրապարակվեց: Փորձագիտական եզրակացությամբ պարզվել է, որ ո'չ տուժողը և ո'չ էլ ամբաստանյալները հոգեկան հիվանդությամբ չեն տառապում: Որպես ապացույց` ներկայացված էր նաև ամուսինների խոսակցությունը, որը գաղտնի ձայնագրել էր սկեսուրը: Սակայն պարզվել է, որ այդ սկավառակը նույնականացման ենթական չէ, քանի որ բացակայում են անձը անհատականացնող հատկանիշները, այսինքն` չի տարբերվում, թե որն ում ձայնն է:
Մեղադրյալ Գուրգեն Գրիգորյանն այդ առնչությամբ տեղից բղավեց. «Շառ են անում, ես պնդում եմ, որ դա իմ ձայնը չի, ոչ մի քննիչ ինձ չի տարել` պարզելու, թե դա նման է իմ ձայնին, թե` ոչ»:
Ամբաստանյալի պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը միջնորդեց ապացույցների շարքից հանել սկավառակը, քանի որ այն ապացույց չի կարող դիտվել:
Տուժող Թագուհի Գրիգորյանը դատարան էր բերել իր պատառոտված շորերը, որն, ըստ նրա, տղայի և հարսի միջև վիճաբանության արդյունքում էր եղել: Նա հայտարարեց, որ նրանք մեղավոր են և պետք է պատասխան տան. «Մայրս նրանց ներել է, բայց ես չեմ ների»:
Դատարանը հրապարակեց նաև ամբաստանյալ Սյուզաննա Գրիգորյանի բնութագիրը, ըստ որի` նա շրջապատում հարգանք է վայելում, դրական, հավասարակշռված անձնավորություն է: Գուրգեն Գրիգորյանի պաշտպան Ռ.Սաֆարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալներն իրենց խնամակալության տակ ունեն անչափահաս երեխա:
Նշենք, որ Գուրգեն Գրիգորյանը գտնվում է նախնական կալանքի տակ` Նուբարաշեն ՔԿՀ-ում, իսկ Սյուզաննա Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն ամբաստանյալները:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ