կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 17:22
Քաղաքական

Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան, նպաստում են յոլա գնալուն, բայց ոչ` լավագույնը դառնալուն. Ռուբեն Վարդանյան

Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան, նպաստում են յոլա գնալուն, բայց ոչ` լավագույնը դառնալուն. Ռուբեն Վարդանյան

Երևանում անցկացվող «Անցումային շրջանի ավարտը. Հայաստանը 25 տարի անց. հիմա՞ ինչ» խորագրով երկօրյա գիտաժողովում գործարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց «ՏաԹևեր» նախագծի, Դիլիջանի միջազգային դպրոցի և հաջողված այլ նախագծերի մասին:

Գործարարի խոսքով` այդ նախագծերի հաջողությանը  սկզբնական շրջանում շատերը չէին հավատում և իրեն փորձում էին հետ պահել այդ գաղափարներից։

Վարդանյանն անդրադարձավ նաև Հայաստանում աղքատության շեմի բարձր լինելուն և դրա պատճառներին: Նրա կարծիքով` հենց այդտեղ է մեր լրջագույն խնդիրը, և միջազգային կառույցների հետ դրա մասին հաճախ խոսվում է: «Միջազգային կառույցներից շատերի երազանքը աղքատությունից նորմալ կյանքի անցնելն է, և դա շատ վեհ գաղափար է: Խնդիրն այն է, որ փոփոխություններ, հնարավորություններ չեն ստեղծվում, որպեսզի երրորդ աշխարհից հասնես առաջին աշխարհ: Ուզում եմ իրավիճակը կայունացնել, միջակացնել, այդ դեպքում շանսեր կլինեն: Ուստի ինչ էլ անենք, վերաբերելու է աղքատության կրճատմանը»,- ասաց գործարարը:

Վարդանյանը Հայաստանի երկու ցուցանիշ նշեց, որոնք  տարբերվում են մյուս երկրների ցուցանիշներից: «Մեկը գործազրկությունն է: Այսօր պաշտոնապես 18 տոկոսի գործազրկություն կա Հայաստանում, եթե խորանաս, կարող է 25 տոկոս էլ լինել: Երկրորդը արտադրողականությունն է. մեր արտադրողականությունն այսօր 2.5 անգամ ցածր է Բուլղարիայից, (համեմատում եմ նրանց հետ, այլ ոչ թե Ֆրանսիայի կամ այլ երկրի): Եթե մեր արտադրողականությունը բարձրացնենք, ինչը պետք է արվի մրցունակ երկիր լինելու համար,  մեր գործազրկության թիվը կկրկնապատկվի»,- ասաց նա:

Ըստ Վարդանյանի` չես կարող նույն մոդելը պահել և փորձել ճշգրտել, պահել սոցիալական վիճակը, եթե չես փոխում տնտեսական կայունության մոդելը, չես կարողանա փոխել այլ բաներ, աղքատությունը չես կարողանա 5 տարուց հաղթահարել: «Դրա համար արտասահմանից փոխանցումները, բարեգործությունը սպանում են ՀՀ ապագան, այդպես չի առաջանում փոփոխություններ, չի առաջանում փոխվելու ճնշում: Ես խորապես համոզված եմ, որ բարեգործությունը, օգնությունը, միջազգային դրամաշնորհները Հայաստանի ապագան են սպանում, օգնում են նորմալ յոլա գնալուն, բայց ոչ թե` լավագույնը դառնալուն»,- ընդգծեց գործարարը: