կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 21:36
Քաղաքական

ՀՅԴ նախընտրական ծրագիրը տարբերվում է մյուսներից

ՀՅԴ նախընտրական ծրագիրը տարբերվում է մյուսներից

Այսօր մրցակից ուժերը փորձում են լղոզել այս ընտրությունները` պատճառաբանելով, թե բոլորն էլ լավ բաներ են խոստանում, ու կարեւոր է, թե ով պետք է անի: Իհարկե, երկրորդ մասը կարեւոր է, թե ով պետք է անի, իսկ առաջին մասը` այնպես չէ, որ բոլորը նույն բանն են ասում. Դավիթաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Նա բերեց ՀՅԴ ծրագրից մի քանի կետեր, որոնցով այդ ծրագիրը տարբերվում է մյուսներից: Առաջին կետը, ինչպես նշեց պատգամավորը, որ եթե ՀՅԴ-ն լինի Երեւանի քաղաքային իշխանություն, ապա ավագանու եւ քաղաքապետի աշխատանքների վերահսկողական բոլոր գործառույթները տրամադրելու է ավագանիում փոքրամասնություն կազմող քաղաքական ուժերին: Երկրորդ կարեւոր դրույթն այն է, որ ՀՅԴ-ն ծրագրում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն` քաղաքացիների անվտանգությունը բարձրացնելու եւ Երեւանում հասարակական կարգը պահպանելու համար: Եվ երրորդ դրույթը` ՀՅԴ-ն խոստանում է Երեւանի բյուջեն այսօրվա 80 միլիարդ դրամից հասցնել 400 միլիարդի:

 

«400 միլիարդանոց բյուջեն նշանակում է, որ Երեւանն այնքան զարգացման ծրագրեր պետք է ունենա, որ դեռ կարողանա մարզերին օգնել: Ավելին` Երեւանը պետական բյուջեից այդքան փող չէր վերցնի, ու պետական բյուջեի միջոցները կուղղվեին մարզերին, եւ կկանխվեր մարզերից հոսքը դեպի Երեւան, ու Երեւանն էլ այսպես չէր խեղդվի»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

 

Նա խոսեց նաեւ այն մասին, որ Երեւանի ՀՅԴ-ական քաղաքապետն իր համար պարտավորություն կստանձնի` երիտասարդների ու գործազուրկների համար աշխատատեղեր ստեղծել: Արծվիկ Մինասյանը խոսեց րեւանում հանրային գերակա շահին զոհ դարձած քաղաքացիների իրավունքների, Երեւանի շենքերի սեյսմակայունության, շենքերի ջերմա- եւ ձայնամեկուսացման ծրագրերի մասին ու նշեց, որ իրենց ծրագրի յուրաքանչյուր դրույթ իրական է, հաշվարկված, եւ ֆինանսավորման աղբյուրները նշված են: