Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ի համար Երեւանի ավագանու ընտրությւոններն առաջին հերթին քաղաքական ընտրություններ են, որովհետեւ հենց Երեւանի մասին օրենքն ասում է, որ ավագանու ընտրությունները 100 տոկոսով համամասնական են` բնակիչները գնալու են ու քվեարկեն կուսակցությունների օգտին. Դավիթաշենում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ իրենց հիմնական ընդդիմախոսները` իշխանությունները, ասում են, թե սա քաղաքական ընտրություն չէ. «Բայց սուտ են ասում: Որովհետեւ իրենք էլ գիտեն, որ եթե ժողովուրդը պետք է գնա ու ընտրի ՀՀԿ-ին, ապա վերջերս բոլորին ապացուցել է, որ ՀՀԿ-ին չի ընդունում, դեմ է, եւ այն վիճակը, որ մեր երկրում կա, դրան դեմ է»:
Ապա Աղվան Վարդանյանը հավաքված դավիթաշենցիներին փորձեց բացատրել, որ եթե մի կուսակցություն ունի ամբողջական իշխանություն, ու այսպիսի վիճակ է, ապա այդ վիճակի պատասխանատուն հենց այդ կուսակցությունն է, եւ հենց դրա համար էլ ասում են, թե գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին պետք է ընտրեն երեւանցիներն, այլ ոչ ՀՀԿ-ին:
«Բայց դա այն կուսակցությունն է, որ երբ 2009 թվականին ընտրություններ եղան, եւ ՀՀԿ-ն մեծամասնություն ստացավ, արդեն 3 քաղաքապետ է փոխվել: Այսինքն` բնակիչները կարող են գնալ ու ընտրել Տարոն Մարգարյանին, ու մի երեք ամիս հետո տեսնել, որ մի ուրիշ մարդ է դարձել քաղաքապետ: Ու եթե քաղաքական ընտրություններ չեն, այդ ինչպե՞ս է լինում, որ Ռուսաստանի հայերի միությունը, Արա Աբրահամյանի գլխավորությամբ, հայտարարություն է տարածում, թե սատարում է Տարոն Մարգարյանին: Բա ասում էիք, թե քաղաքական չէ՞: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հայտարարում է, որ պաշտպանում են Տարոն Մարգարյանին: Մի կողմից ասում են` քաղաքական չէ, մյուս կողմից էլ` քաղաքականացնում են»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչը նշեց, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, Դաշնակցությունը հանդես է գալիս թիմով, եւ նույնիսկ այն ժամանակ, երբ դավիթաշենցիները հանդիպում են ունենում իրենց հետ, այդ նույն ժամանակ քաղաքի այլ համայնքներում ՀՅԴ այլ ներկայացուցիչներ հանդիպումներ են ունենում այդ համայնքների բնակիչների հետ: Այսինքն` ՀՅԴ-ն ունի իր կայուն, վստահելի թիմը, եւ այդ թիմն ուժեղ է ու ի վիճակի լուծել իր առջեւ դրված խնդիրները: Աղվան Վարդանյանը հորդորեց դավիթաշենցիներին` քվեարկել ՀՅԴ-ի օգտին, որպեսզի երկրում ստեղծվի քաղաքական մրցակցություն. «Այդ ժամանակ այդ համատիրությունները չեն վերածվի ընտրական գործիքի»: