կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-23 12:16
Հասարակություն

«Բարեփոխելով» համատիրությունները՝ քանդում են համակարգը. նոր փոփոխության թացն ու չորը

«Բարեփոխելով» համատիրությունները՝ քանդում են համակարգը. նոր փոփոխության թացն ու չորը

Համատիրությանը չվճարողն էլի չի վճարելու, ու նման մարդկանց բանակը առաջիկայում մեծանալու է՝ խոսելով նոր օրենսդրական փոփոխությունների և ապրիլի 1-ից համատիրություներին անկանխիկ, այն է՝ յուրաքանչյուր շենքի համար բացված հաշվի համարին կատարվելիք վճարումների մասին՝ Yerkir.am-ին ասաց «Հայուղևորտրանս» համատիրության նախագահ Անահիտ Թորոսյանը:

Զրուցակցի կողմից կոորդինացվող համատիրության տրամադրության տակ է Աջափնյակի 16-րդ թաղամասի մի ողջ շղթա՝ թվով 12 բարձրահարկ շենք, որոնց կառավարումը և ահռելի քանակությամբ բնակիչների հետ ամենօրյա տարաբնույթ հարաբերությունները պահանջում են լարված աշխատանք:

Ի՞նչ խնդիրներ են կուտակվել մինչ օրս, և ինչպիսի՞ ազդեցություններ է ունենալու նոր օրենսդրական փոփոխությունը համակարգի վրա՝ Ա. Թորոսյանը բացում է բոլոր փակագծերը:  

Պարզորոշ է՝ նոր իշխանություններն այդ քայլով ազդարարում են, որ, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս չեն վստահում մեծամասամբ հին իշխանությունների օրոք ընտրված համատիրությունների ղեկավարներին և չեն ցանկանում, որ վերջիններիս ձեռքում հայտնի կանխիկ գումար: Բայց թեթև հարցախույզը պարզում է բոլորովին այլ բան. ճիշտ հակառակը՝ անկանխիկ վճարումից միայն ուրախ են իրենք՝ համատիրության ղեկավարները: Բայց միայն իրենք: Իսկ բնակիչներին, ըստ որոշ համատիրությունների նախագահների, սպասվում են ոչ այնքան հաճելի օրեր:

Այսպես. «Հայուղևորտրանս» համատիրության պարագայում մինչ օրս գումարները հավաքել են առձեռն, և դա նպաստել է, որ, օրինակ, եթե մի շենքից տվյալ ամիս քիչ է հավաքվել, իսկ մեկ այլ շենքից՝ շատ, ապա դա, համատիրության կողմից գումարի վերաբաշխման արդյունքում, չէր ազդում քիչ գումար գոյացրած շենքի խնդիրների շուտափույթ լուծման վրա: Դա մի մեխանիզմ էր, որի արդյունքում բնակիչներն անգամ չեն զգացել, թե ինչպես է հնարավոր եղել բոլոր շենքերում տարվող աշխատանքները կազմակերպվել արագ և որակով: Բնակչությանն անհարմար վիճակներում երկար չթողնելու համար Ա. Թորոսյանը երբեմն պարտքերով է անգամ շինանյութ վերցրել:

Իշխանական իմքայլական պատգամավորի նախաձեռնած փոփոխության արդյունքում, ըստ Ա. Թորոսյանի, այս մեխանիզմն այլևս չի գործելու: Ըստ նրա՝ այժմ թող բնակիչը վճարումը հաշվի համարին կատարի (եթե, իհարկե, կկատարի), և երբ շենքում ինչ որ աշխատանքի անհրաժեշտություն առաջանա, ասենք՝ տանիքը կկաթի, վերելակը կխափանվի, աղբատարը կխցանվի և այլն, համատիրության ղեկավարը կբացի տվյալ շենքի հաշվի համարը, կտեսնի, թե որքան վճարում է կատարել ու կորոշի՝ կարո՞ղ է առկա գումարով տվյալ աշխատանքն անել, թե ոչ: Բնականաբար՝ եթե բնակիչները բարեհաճ գտնված չեղան և գումարները ժամանակին չվճարեցին՝ շենքի հաշվին գումար չի նստի, ինչի արդյունքում որևէ աշխատանք հնարավոր չի լինի կազմակերպել պատշաճ և արագորեն:

Փաստորեն՝ փոփոխությունն այս իմաստով միմիայն բացասաբար է ազդելու համակարգի վրա, և, եթե նախկինում իրենք կարողացել էին, այսպես ասած, «համահարթեցնել» հավաքված գումարները և կազմակերպել նաև «անպարտաճանաչ» շենքերի աշխատանքները, ապա այժմ անպարտաճանաչ բնակչի պատճառով պարտաճանաչ բնակիչը հայտնվելու է տհաճ իրավիճակում:

Մյուս խնդիրը, որը փոփոխությունների արդյունքում դամոկլյան սրի նման կախվելու է համատիրությունների գլխին, դա բնակչության՝ կամովին չվճարելու կամ չափազանց ուշացումներով վճարելու վտանգն է: Ա. Թորոսյանը փաստում է՝ օրենքի նախագիծ մշակողները բանից անտեղյակ են, չեն հասկանում ինչ են անում:

«Մարդ կա 5, 10, 15 անգամ գնում դուռը ծեծում ենք, որ փողը տա: Նման մարդիկ երբեք կամովի չեն տանի գումար մուծեն, հավատացած եղեք», - նշում է Ա. Թորոսյանը և փաստում, որ շենքերի լիազորների աշխատանքի շնորհիվ, ովքեր գիշեր - ցերեկ դռները ծեծելով գումար են հավաքում, իրենց հաջողվել է գրանցել 97 տոկոս արդյունք:

Համատիրության ղեկավարը, որպես մատնանշված վտանգի վառ ապացույց, բերում է աղբահանության գումարների հավաքման ձևի փոփոխության օրինակը:

Հիշեցնենք՝ անցած տարվանից բազմաբնակարան շենքերի բնակիչները աղբահանության գումարը համատիրությանը վճարելու փողարեն վճարում են թաղապետարաններում, բանկերում և «Հայփոստի» բաժանմունքներում: Վերջին երկու դեպքում, ի դեպ, վճարում են նաև հաշվի սպասարկման գումար:

«Նախկինում մենք աղբահանության դիմաց 1 միլիոնից ավել գումար էինք հավաքում, հիմա այդ գումարը 200 հազար է: 1 միլիոնն ուր, 200 հազարն ուր: Լծակ չունենք, դա լույս չի, գազ չի որ անջատես, ստիպված գնան մուծեն: Բացի այդ՝ մեզանից լավ ոչ ոք չգիտի, թե որ տանը քանի հոգի է ապրում»,- նշեց «Հայուղևորտրանս» համատիրության նախագահը:

Համատիրություններում իսկապես լավատեղյակ են՝ ով ամուսնացավ, ում տուն հարս բերեցին, որ շենքում երեխա ծնվեց, որ տանը փաստացի քանի մարդ է բնակվում և այլն: Այս ամենն ամենօրյա աշխատանքի և շփումների արդյունք է, ինչի շնորհիվ գրեթե անհնար է դառնում թաքցնելով ընտանիքի անդամներին՝ քիչ վճարել կամ չվճարել ընդհանրապես:

Բնականաբար՝ մատնանշված խնդիրները առաջանալու են ոչ միայն շենքերի, այլև վերելակների սպասարկման պարագայում: Ա. Թորոսյանը նշում է՝ բնակիչներ ունի, ովքեր  2019 թ. նոյեմբերից չեն վճարել վերելակի գումարը: Բայց չի եղել գեթ մեկ օր, որ վեր ու վար անող երկաթյա մարդատարները չաշխատեն: Հիմա առկա է նաև վերելակների աշխատանքների պարբերաբար խափանման վտանգը: Այսինքն՝ եթե շենքի հաշվի վրա եղած գումարը չհերիքեց վերելակի նորոգման կամ ծախսած հոսանքի համար՝ այն ստիպված կանգնելու է:

«Հիմա եթե ես դնեմ վերելակը անջատեմ, մուծողը չի՞ ասի՝ ես գումարը տվել եմ, ինչո՞ւ վերելակը չի աշխատում». Ա. Թորոսյանի հարցի պատասխանը պարզ է:

Հիմա ո՞վ է լիազորված մտնել այն քաղաքացու բնակարան, ով հրաժարվում է վճարել գումարը, համատիրության նախագահ՞ը: Ի՞նչ մեխանիզմներով են ազդելու անպարտաճանաչ վճարողների վրա… Հարցեր են, որոնք այս պահին կախված են օդում:

Օրենքի փոփոխության հեղինակ Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, որ անբարեխիղճ են գտնված և տարիներ շարունակ վճարումներ չկատարած անձանց մասով որևէ միջոցառում չի նախատեսված նոր փոփոխության մեջ: Ա. Թորոսյանն այստեղ ևս համակարգային վտանգ է տեսնում: Ըստ նրա՝ շղթայական ձևով շատերը կսկսեն չվճարել, և համակարգը կխորտակվի ամբողջությամբ:

Նա նորից հիշեցնում է. «Մենք այսպես ենք աշխատել՝ եթե ինչ որ շենքում խնդիր կա, չենք սպասվել, որ տվյալ շենքում գումար հավաքվի, մեկ այլ տեղից գումար ենք դրել այդ խնդրի լուծման համար: Չենք կարող փող չլինելու պատճառաբանությամբ սպասել, որ կեղտը լցվի շենքը, վերալակը չաշխատի և այլն: Իսկ հիմա՝ չի վճարել, չեմ անում: Ինձ համար գուցե դրական է, բայց ժողովրդի, հատկապես՝ պարտաճանաչ բնակչի համար որևէ դրական բան չեմ տեսնում: Հիմա շենքում գո՞րծ կա անելու՝ շատ բարի, մարդիկ կգան, կասեն՝ խնդիր կա, ես կբացեմ հաշվի համարը, կասեմ թերվճարումներ ունենք, և ոչինչ անել չեմ կարող»:

Գործազուրկների բանակը ապրիլի 1-ից հետո ամենայն հավանականությամբ կմեծանա, քանի որ շենքերի լիազորները, ովքեր գումարներ են հավաքում, այլևս անելիք չեն ունենա: Ա. Թորոսյանը, սակայն, փաստում է, որ այդ մարդկանց կրճատել չի կարելի, քանի որ իրենք միայն փող հավաքող չեն, վերջիններս լսում, գրանցում և ներկայացնում են նաև խնդիրները. «Մեզ մոտ մատյան կա, որտեղ ամեն առավոտ նրանք գրում են իրենց սպասարկած շենքի խնդիրը»,- հավաստիացրեց տիկին Թորոսյանը:

Այն որ համակարգը արդիականցման կարիք ունի, չի ժխտում նաև Անահիտ Թորոսյանը: Հարցեն ու խնդիրները շատ են, և դրանց վերաբերյալ տիկին Անահիտը գրառումների հաստափոր մատյան ունի:

Լսե՞լ են դրանք Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ Ա. Թորոսյանի պատասխանը բացասական է. «Նախկինում, երբ վարչական շրջանի ղեկավարը Արտավազդ Սարգսյանն էր, մենք պարտադիր քննարկումներ էինք ունենում բոլոր խնդիրների մասով, և չկար խնդիր, որի մասին մենք հանձնարարականներ չունենայինք: Այժմ որևէ քննարկում չկա, իսկ վարչակազմի նոր ղեկավար Գևորգ Բաբայանը մեզ հետ գրեթե չի էլ հանդիպում, էլ ուր մնաց խնդիրներ քննարկի», - փաստում է համատիրության ղեկավարը:

Պարզվում է՝ համատիրության ղեկավարների հետ (գոնե Աջափնյակի մասով) որևէ քննարկում չի ունեցել նաև նոր փոփոխությունների հեղինակ Վաղարշակ Հակոբյանը, ինչն էլ առաջացրել է համատիրությունների ղեկավարների զայրույթը:

«Գործող համատիրությունների խնդիրները մեզ հետ քննարկելու, հասկանալու և լուծման ուղիները համատեղ որոնելու և դրա միջոցով ոլորտը կատարելագործեու փոխարեն՝ փաստացի քանդվում է անցած տարիների ընթացքում հունի մեջ գցած մի ողջ համակարգ», - եզրափակեց Անահիտ Թորոսյանը:

Վահե Սարգսյան