կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-23 22:04
Առանց Կատեգորիա

Գործիքի համառությունը

Գործիքի համառությունը

Որ լեգիտիմ իշխանության ձեւավորումն անհրաժեշտ է հասարակական համերաշխության եւ ժողովրդավարության կայացման համար, աքսիոմատիկ ճշմարտություն է: Բայց սետեմբերի 23-ի հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը մի նոր, արհեստական ճշմարտություն հնարեց` լեգիտիմ իշխանության ձեւավորումն անհրաժեշտ է նաեւ հայ-թուրքական եւ Ղարաբաղյան հարցերում զիջումների գնալու կամ, ավելի ճիշտ, դրանք արեւմտյան ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծելու համար:

 

Իսկ ներկայիս իշխանությունն այդ հարցը չի կարողանում լուծել միայն այն պատճառով, որ լեգիտիմ չէ: Արեւմուտքն էլ այս հարցերը լուծելու իր ազնիվ նպատակադրումներին չի կարողանում հասնել, որովհետեւ, հասկանում եք, սխալ մարդու վրա է խաղադրույք կատարել:

 

Այդ տրամաբանությունը հուշում է, որ եթե որեւէ ուժ համաձայն չէ այն լուծումներին, որոնք առաջարկվում են գործող իշխանության կողմից, որոնք ամբողջությամբ պաշտպանում է Տեր-Պետրոսյանը եւ որոնք ընկալում են գտնում միջազգային հանրության կողմից,  լեգիտիմ չի կարող լինել, անգամ եթե ստանում է ժողովրդի վստահության քվեն:


Սա մի նոր տիպի մանիպուլյացիա է, որը ոչ այնքան Արեւմուտքի շահերի խաղարկման վրա է խարսխված, որքան ժողովրդավարության եւ օրինակարգության էության փաստացի աղավաղման: Սա իրեն «գործիք» ընդունելու այն տեսությունն է, որից Տեր-Պետրոսյանը հրաժարվել չի ուզում: