կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-24 20:42
Իրավական

Առաջիկայում նախատեսվում է մեկնարկել էլեկտրոնային արդարադատության գործիքի մշակման աշխատանքները

Առաջիկայում նախատեսվում է մեկնարկել էլեկտրոնային  արդարադատության գործիքի մշակման աշխատանքները

Մայիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի միջնաժամկետ ուսումնասիրում կատարելու նպատակով Հայաստան ժամանած ՀԲ պատվիրակությանը:

 Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ՀՀ գլխավոր դատախազության համագործակցությունը՝ հատկապես ընդգծելով պետական հատվածի արդիականացման նախորդ երկու ծրագրերի շրջանակում դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները: Կարևորվել է հատկապես ազդարարման համակարգի էլեկտրոնային հարթակի գործարկումը որպես կոռուպցիայի դեմ համապարփակ պայքարի գործիք:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման համատեքստում առաջիկայում նախատեսվում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքի մշակման աշխատանքների մեկնարկը, որի նախագծման համար ստեղծվելու է աշխատանքային խումբ:

 Պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրվել են մինչդատական քրեական վարույթում գտնվող գործերի կառավարման թվային համակարգի ներդրման հեռանկարներով: Արթուր Դավթյանն այս կապակցությամբ  նշել է, որ ՀՀ դատախազությունը շահագրգռված է քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից կարևորագույն այդ համակարգի հնարավորինս շուտ ներդրման և գործարկման հարցում: Գլխավոր դատախազը հավելել է, որ համակարգի ներդրումը կարող է արդյունավետ և նպատակային լինել միայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման պարագայում՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում այս ուղղությամբ գործնական քայլեր կիրականացվեն:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը: