կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 18:06
Սպորտ

Հայ մարմնամարզիկները հաջող են ելույթ ունեցել

Հայ մարմնամարզիկները հաջող են ելույթ ունեցել
Մոսկվայի  «Օլիմպիյսկի» մարզապալատում  ավարտվեց Եվրոպայի սպորտային մարմնամարզության անհատական առաջնության   բազմամարտի  մրցաշարը: Եզրափակիչ մտած 24 ուժեղագույնների շարքում կային Հայաստանի ներկայացուցիչներ` Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը և  սպորտի վարպետ Սերոբ Սողոմոնյանը: Նրանցից առաջինը որակավորման փուլում  գրավել էր 14-րդ , իսկ  երկրորդը ` 18-րդ տեղը:
Ուժեղագույնների պայքարում հայ մարմնամարզիկները գերազանցեցին սպասելիքները: Արդյունքում` Արթուր Դավթյանը  բարելավեց իր ցուցանիշը` 14-րդ տեղից բարձրացավ  ու ամրապնդվեց 8-րդ հորիզոնականում:  Սա Եվրոպայի առաջնությունում անկախ Հայաստանի  մարմնամարզիկների ցույց տված արդյունքներից լավագույնն է: Դժգոհելու  տեղիք  չտվեց նաև եզրափակիչ մտած  Սերոբ Սողոմոնյանը, ով  գրավեց 19-րդ տեղը:
 
Վաղը` ապրիլի 20-ին, մարմնամարզիկներն իրենց ունակությունները կդրսևորեն առանձին գործիքների  վրա վարժությունների եզրափակիչներում: Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը  վճռական փուլ է մտել 6-րդ արդյունքով (նժույգ թափեր): Վեցերորդ արդյունքով է եզրափակիչ մտել նաև  Արթուր Դավթյանը (հենացատկ):
 
ՀԱՕԿ լրատվության բաժին