|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ, հայտնի միկրոֆոն անջատող և, համատեղությամբ, Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը զուր ջանքեր է գործադրել` հասկանալու համար Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը: Նա նույնիսկ փորձել է, «Ժառանգության» առաջնորդի տարօրինակությունները մի կողմ դնելով, ուսումնասիրել վերջինիս զուտ քաղաքական որոշումներն ու գործողությունները, բայց դարձյալ ոչինչ չի ստացվել: Ի՞նչ արած՝ երևի պետք է օգնել Տարոն Մարգարյանի շտաբի պետին, որովհետև նա չի հասկանում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «անկարգությունը» գալիս է Սերժ Սարգսյանի «անկարգությունից» («Տաքսի, տաքսի»՚):
Այդ նպատակով պարոն Շարմազանովին նախ հիշեցնենք ոչ վաղ անցյալի իր իսկ հայտարարություններից մեկը: Նա ասել էր, որ Օբամայի մրցակից Ռոմնին տոկոսային հարաբերությամբ Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի շատ ձայն էր հավաքել ԱՄՆ նախագահի ընտրություններում, բայց Ռոմնիի մտքով իսկ չանցավ բողոքարկել ընտրությունների արդյունքները: Ինչպես տեսնում եք, Էդուարդ Շարմազանովի մոտ դեռ պահպանվել են երիտհանրապետականությանը հատուկ թերմտածողության սինդրոմներ, որովհետև նրա այս հայտարարությունից ակնհայտ է, որ խառնում է ձայների հաշվարկման ԱՄՆ և ՀՀ ինստիտուտները: Մուկուչյանին թույլ տվեք ընտրություն անցկացնել ԱՄՆ-ում և կտեսնեք, թե ինչ կկատարվի: Շարմազանովն այս նյուանսը հաշվի չի առել կամ էլ այս մասին համեստորեն լռել է: Այդուհանդերձ, սա շատ կարևոր պահ է, որպեսզի հասկանաս, թե ինչու է մեզ մոտ ընդդիմադիր թեկնածուն ամեն անգամ ընտրություններից հետո դուրս գալիս փողոց:
Իսկ հիմա գանք կոնկրետ Րաֆֆուն, որի անկարգությունը, ինչպես ասացինք, գալիս է Սերժ Սարգսյանի անկարգությունից: Շարմազանովը պարտավոր է իրեն մի պահ դնել Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը և ընտրություն կատարել՝ կա'մ դառնում է կազմակերպված ընդդիմության լիդեր, կա'մ մտնում է կոալիցիա, կա'մ ընկնում փողոցները՝ պատրաստ իշխանության կոշտ հակադարձումներին: Ահա երեք առաջարկ, որոնցից առաջինը աբսուրդ է, որովհետև ընդդիմության լիդեր չեն նշանակվում, այլ ընդդիմության լիդեր դառնում են, երկրորդն անխուսափելի մահ է, այսինքն՝ արթուրբաղդասարյանական բարոյականություն, իսկ երրորդը՝ ճանապարհ դեպի դժոխք: Ո՞րը կընտրեր պարոն Շարմազանովն անձամբ, եթե մանավանդ Սերժ Սարգսյանն ինքը մինչև վերջ համոզված չէ, որ առանց լուրջ խախտումների հաղթել է ընտրություններում: Խաբված, ընտրությունների ելքը չընդունող հասարակությունը փողոցում կանգնած՝ նա Րաֆֆի Հովհաննիսյանին կապիտուլյացիա է առաջարկում՝ ճի՞շտ մոտեցում է: Րաֆֆի Հովհաննիսյանը, հասկացանք, մանկապարտեզի երեխայի պես ազնիվ է: Նախագահը նրան հարցնում է՝ Րաֆֆի, դու հաղթե՞լ ես: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի: Ասում է՝ ոչ: Մեկ ուրիշը, գուցե, կասեր՝ այո: Կասեր, ու, չսպասելով առաջարկների, կգնար ընդդիմության լիդեր դառնալու: Բայց քանի որ Րաֆֆին նույնպես չգիտի, որ ինքն է հաղթել ու անընդհատ հայտարարում է, որ ժողովուրդն է հաղթել, ակամա մնում է Սերժ Սարգսյանի առջև նստած և լսում նրա առաջարկները, որոնցից, բնականաբար, նրա գլուխը պտտվում է: Այդ մասին է վկայում, օրինակ, Հովհաննիսյանի՝ պաշտոններ պահանջելու հայտնի նամակը՝ ուղղված նախագահ Սարգսյանին, այդ մասին են վկայում «իմ դիակի վրայով» մահվան տեսիլն ու Սարգսյանին իր հետ դժոխք տանելու սպառնալիքները, այդ մասին են վերջապես վկայում ոստիկանապետով քաղաքում շրջելը, Մոսկվա թռչելը, Երևանի ընտրություններին մարզեր մեկնելը և շատ այլ անհայտ որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել զուտ երջանիկ պատահականությամբ:
Շարմազանովն, իհարկե, կարող է չարախնդալ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ուզում է, կարող է «չերեզ» Աշտարակ Ամերիկա էլ գնալ 24 ժամով: Այսինքն` ի՞նչ: Ո՞վ է այս ողջ կոմեդիայի բեմադրիչը, պարո'ն Շարմազանով, ի դեպ՝ սկսած խիստ մրցակցային ընտրությունների բեմականացումից: Իսկ գուցե պետք էր չարախնդալ այն ժամանակ, երբ գաջ քսողները «ելույթ ունեցան» այդ թատրոնի բեմում՝ կրակելով Հայրիկյանի վրա և «վտանգելով պետականությունը»: Գուցե պետք էր չարախնդալ այն ժամանակ, երբ թեկնածուները հացադուլ էին անում, ինքնաբացարկ հայտնում, ցուցակի կռիվ տալիս՝ քարոզարշավ ծավալելու փոխարեն: Այս ամենի փոխարեն, հարգելի' պարոն Շարմազանով, ընդամենը պետք էր վայելել հասարակության համակրանքը և հաղթել հիրավի մրցակցային ազնիվ ընտրություններում, ինչը չանելուց հետո այլևս անիմաստ է մեղադրել «պարտված» թեկնածուին ինչ-ինչ, երբեմն նույնիսկ ոչ ադեկվատ քայլեր անելու մեջ:
Որպես տարոն Մարգարյանի շտաբի պետ` Էդուարդ Շարմազանովը նաև տեսակետ է հնչեցրել, որ ավագանու ընտրությունները ցույց կտան, թե ընդդիմադիր կուսակցություններից որը որքան ձայն ունի Երևանում: Բնականաբար, ցույց կտան: Իսկ ահա ոչ մի կերպ չենք հասկանում, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն դարձյալ դիմել անկարգության և համամասնական ընտրություններում անձի շտաբ բացել ու Շարմազանովին էլ նախագահի «հրամանագրով» նշանակել այդ շտաբի պետ: Հա'մ սիրուն չի, հա'մ էլ ընդդիմությունը չգիտի ում բողոքել, երբ հերթական անգամ կեղծվեն արդյունքները՝ Տարոն Մարգարյանի՞ն, ՀՀԿ-ի՞ն, թե՞ ում: Երևի այն ժամանակ էլ պետք է ասեն՝ չենք հասկանում ընդդիմությանը: Իհարկե, չեն հասկանա, որովհետև ընդդիմության անկարգությունը… էլ չասենք ում անկարգությունից է գալիս:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ