կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 16:28
Քաղաքական

Կապալառուն հրաժարվել է ներդնել լրացուցիչ ֆինանսներ

Կապալառուն հրաժարվել է ներդնել լրացուցիչ ֆինանսներ

ԱԺ անցած քառօրյայում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ Կապան կատարած այցելության ժամանակ տեսել է, որ Կապանի կենտրոնում երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքերի հիմքերը փորվել են, մի քանի ամիս աշխատանքներ են իրականացվել, բայց կարճ ժամանակ անց դադարեցվել են, եւ բոլորովին վերջերս էլ շինտեխնիկայի մնացորդները հավաքել ու տարել են:

 

«Մարդիկ հերթագրվել են տների համար, եւ արդեն չորրորդ տարին է անցել, բայց խնդիրը չի լուծվում, մինչդեռ շենքը հաջորդ տարի արդեն շահագործման պետք է հանձնվեր: Ցուցանակը այսօր էլ կա` շենքը պատրաստ կլինի 2013թ.-ի հոկտեմբերին: Բնականաբար` չի լինի: Նախագահի խոստումն ու հանձնարարականն է, կարեւոր ու լավ ծրագիր: Ի՞նչ է կատարվում»,- հետաքրքրվել էր Վարդանյանը:

 

Ի պատասխան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «շատ խելացի» եւ «կշռադատված» պատասխան էր տվել` հարցը կուսումնասիրվի եւ շատ շտապ գրավոր պատասխան կտրվի:

 

Եվ ահա նախարարը պատասխանել է պատգամավորի հարցին` արդեն գրավոր: Ուսումնասիրության արդյունքում նախարարությունը պարզել է, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքիներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը նախաձեռնել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, եւ որ այդ ծրագրում պետական մասնակցության ձեւաչափեր կամ ֆինանսավորման աղբյուրներ ներգրավված չեն:

 

Ծրագրի ընթացքի վերաբերյալ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության մեջ նշվում է, որ «բազմաբնակարան շենքի հիմքերի փորման եւ փոսորակի մշակման աշխատանքները կատարելու ընթացքում բացահայտվել են արտահայտված մակերեւութային գրունտային ջրեր եւ այլ երկրաբանական խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ինչից կապալառու «Մոդըրն Բիլդինգս» շինարարական կազմակերպությունը հրաժարվել է»:

 

Այդ պատճառով էլ շենքի շինարարական աշխատանքները որոշակի ժամկետով կասեցվել են, եւ ներկայումս «ԵՊՀ շրջանավարտներ միավորում» կազմակերպության կողմից իրականացվում են միջոցառումներ նշված լրացուցիչ ֆինանսական ծախսերը հոգալու եւ ծրագրում նոր շինարարական կազմակերպություն ներգրավելու ուղղությամբ: