Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ, գնում էր Ծիծեռնակաբերդ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Բաղրամյան պողոտայում մնացած ժողովրդի կողքին էր: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Yerkir.am-ը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երեկ ժողովուրդը բաժանվեց երկու մասին, եւ մեկ ուղղությամբ չգնալու մեղավորն ով էր:
Փաշինյանը նախ նշեց, որ հարցին պատասխանել չի կարող, որովհետեւ հավաքի վերաբերյալ բոլոր հարցերը որոշում է հավաքի կազմակերպիչը, ինքը որեւէ մեկնաբանություն չի կարող տալ: «Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ընդունեց, որ եղել է կազմակերպչական թերություն»,-նշեց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ միշտ էլ ասել է, որ ժողովրդին պետք է ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է հասնել խնդրի լուծմանը, բոլոր խոսակցություններն էլ պետք է լինեն հրապարակային: Նա այդպես էլ չպատասխանեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերում երեկ կար գործողությունների բացակայություն:
Անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ այցին Ծիծեռնակաբերդ` լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք տարօրինակ չէր ոստիկանապետի աղոթքը: Փաշինյանը հայտարարեց, որ իր համար առհասարակ տարօրինակ է Վլադիմիր Գասպարյանի ներկայությունը Հայաստանի կառավարման համակարգում:
Անդրադառնալով Տիգրան Խզմալյանի հայտարարությանը, թե երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորիս աչքի առջեւ քաղաքական ինքնասպանություն գործեց, Փաշինյանն ասաց. «Ես չեմ ուզում որեւէ դատավճիռ, մահախոսական եւ այս կարգի ժանրում հանդես գալ եւ ավելի շատ կնախընտրեմ արտահայտել կոնկրետ դիրքորոշում, ինչն էլ արել եմ»:
Պատասխանելով իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ հարցին` Փաշինյանը հայտարարեց, որ ոչինչ չի փոխվել: Կգնա՞, արդյոք, Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ուրբաթ օրվա հանրահավաքին, թե՞ ոչ, պատգամավորը դեռ չգիտի: