կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 13:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Սփյուռքը երկու մասի է բաժանված․ Քոչարյանի՝ ֆրանսահայ փաստաբան

Ամեն շաբաթ կարծես պինգ-պոնգի խաղ լինի՝ հետևում եմ, բայց իմ դերը այդտեղ չէ՝ ըստ Yerkir.am-ի այսպես արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին նրա նախկին փաստաբան Սևակ Թորոսյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ անշուշտ մինչև վերջ շարունակելու է պաշտպանել երկրորդ նախագահին և հիշեցրեց, որ Սփյուռքից առաջին արտահայտվողը ինքն է եղել։

«Այսօր Սփյուռքը երկու մասի է բաժանված․ հեղափոխությունից հետո առաջին օրերին բացի Դաշնակցության մամուլից մյուս մամուլները դարձել էին «հեղափոխության օրրանները», վախենալու էր։ Պատերազմից հետո փոփոխությունը տեսնում եմ, բայց Սփյուռքը կոնկրետ Հայաստանի գաղափարով չի ապրում, երազային Հայաստանով է ապրում։ Մի մասն ընդունել է, որ ազգային անվտանգության հարցի շուրջ մեծ պրոբլեմ կա․ կա՛մ անկարողության հարց է, կա՛մ դավաճանության, եթե նախատեսված հարց է՝ կնշանակե, որ Նիկոլ Փաշինյանը շատ խելացի մեկն է, ես վստահ չեմ։ Հնարավոր է, որ միջազգային բեմի վրա ելնի մեկը, որ փորձառություն չունի, շատ հեշտ մանիպուլյացիայի կենթարկվի»,-ասաց Սևակ Թորոսյանը։

Նա նկատեց, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին մոտ 50 հազար մարդ է մասնակցում, մյուսները, նրա խոսքով, մտածում են օրվա հացի մասին։

«Տաքսու վարորդի առաջին մտահոգությունը առօրյա սնունդն է՝ ով է փոխելու։ Այդ 50 կամ 100 հազար անձերը, որ մտահոգություն ունեն ազգային ապագային, մեծամասնություն չեն, մեծամասնության հարցը սնունդն է»,-եզրակացնում է Սևակ Թորոսյանը։

Քվեարկելու դեպքում, սակայն, նրա համոզմամբ, պետք է հաշվի առնեն փորձառությունը։

Նա նշեց, որ համամիտ է գործարար Ռուբեն Վարդանյանի տեսակետի հետ, որ այս վիճակի հանգուցալուծման երկու տարբերակ կա՝ կա՛մ Աբխազիայի նման մի կազմավորում պիտի դառնա Հայաստանը՝ ավելի հեշտ ձևով պիտի կարողանա ապրել, բայց տաքսու վարորդի պես առօրյա հոգսերով, կա՛մ էլ երկրորդ տարբերակը մեծ փոփոխություններն են։

«Ես համաձայն եմ մեծ ծրագրերին, բայց պիտի նայենք, թե ժողովրդի կամքը ինչ է»,-ասաց փաստաբանը։

Սևակ Թորոսյանի համոզմամբ՝ ամենակարևոր նախարարությունը պետք է դառնա Սփյուռքի նախարարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․