կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 14:08
Քաղաքական

Ժողովուրդը չգիտի, թե ինչու է հաղթել Տարոն Մարգարյանը

Ժողովուրդը չգիտի, թե ինչու է հաղթել Տարոն Մարգարյանը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կանխատեսում էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն այսպիսին կլինեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա չհամաձայնեց ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի այն հայտարարությանը, թե վերջին երեք ընտրությունները ցույց են տալիս ՀՀԿ-ի հանդեպ ժողովրդ վստահությունն ու հարգանքը: Ինչ այսօր ունենք, ըստ Խառատյանի, տեղավորվում է մեզ մոտ տեղի ունեցող ընտրական գործընթացների սովորական տրամաբանության մեջ:

 

Խառատյանի համար առնվազն տարօրինակ է, որ սոցիոլոգիական հետազոտությունների ժամանակ ի հայտ եկող` ժողովրդի դժգոհությունը ընտրությունների ժամանակ համընկնում է ՀՀԿ-ի հանդեպ «վստահության» տոկոսին: Ազգագրագետը համոզված է, որ այս ընտրություններում ժողովրդի նկատմամբ սպառնալիք կար: Նա վստահ է, որ հիմա ժողովուրդը չգիտի, թե ինչու է հաղթել Տարոն Մարգարյանը, թե ինչ է վերջինս անելու, բյուջեն ինչպես է ծախսելու: Խառատյանը նշեց, որ ՀՀԿ-ն` ի դեմս Տարոն Մարգարյանի, չունի ծրագիր, կան միայն խոստումներ, միշտ խոսք է գնում ասֆալտապատման մասին:

 

«Եթե բնակչության 40 տոկոսն ուզում է փախչել երկրից, 70 տոկոսը դժգոհ է, ինչպե՞ս է ՀՀԿ-ն «հաղթում»,- հետաքրքրվեց նա:

 

Ի պատասխան` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը վստահեցրեց, որ բնակչության 40 տոկոսն իրականում չի ուզում փախչել, որ սոցիոլոգիական հարցումները միշտ չէ, որ ցույց են տալիս իրական պատկերը, եւ որ ճիշտ հարցումներ անում է միայն Ահարոն Ադիբեկյանը: Վերջին միտքը ՀՀԿ-ական պատգամավորը գրեթե ծիծաղելով արտաբերեց: