կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-09 10:24
Քաղաքական

Մինչ Սարգսյանի երդման արարողությունը տեղի է ունենալու շքերթ

Մինչ Սարգսյանի երդման արարողությունը տեղի է ունենալու շքերթ

«Հայկական ժամանակը» գրում է, որ մի քանի ժամ շարունակ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը կաթվածահար վիճակում պահելով, քաղաքացիների հեռակա հայհոյանքների տարափի ներքո, շաբաթ օրը տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երղմնակալության արարողության փորձը:

 

Ոստիկանությունը, սակայն, չէր բարեհաճել նախօրոք հայտարարել, որ փողոցներ են փակվելու, երկնքում պտտվում էին մի քանի ուղղաթիռներ, պաշտոնական որևէ բացատրություն չէր տրվում, թե ինչու են փողոցները փակ և քաղաքացիներին մնում էր միայն կռահել, թե իրականում ինչ է տեղի ունենում:

 

Ըստ «ՀԺ» տեղեկությունների, այսօր մինչ Սարգսյանի երղմնակալությունը, տեղի է ունենալու շքերթ: Այս լուրը երեկ հաստատել է նաև նախագահի լրատվական ծառայության ղեկավար Մերի Հարությունյանը: Այլ մանրամասներ, սակայն, նրանից ճշտել չի հաջողվել: Երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին «ՀԺ»-ն հարցրել է, թե ինչ շքերթի մասին է խոսքը՝ արդյո՞ք բանակի մասնակցությամբ զորահանդեսի, նա ասել է, որ մանրամասներին չի տիրապետում, մեծ շքերթ չի լինելու պատվո պահակազոր կլինի, ՊՆ նվագախումբը, այլ բան չի կարող ասել:

 

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ևս շքերթի մանրամասներին հստակ չէր տիրապետում: Նա էլ ասաց, տեղեկացնում է թերթը, որ ոստիկաններն են պատվո պահակ կանգնելու: Հարցին քանի ոստիկան է լինելու, Ահարոնյանը պատասխանել է. «Անհրաժեշտ քանակության»: Ի դեպ, գրում է թերթը, այսօր մայրաքաղաքի փողոցները փակելու մասին պաշտոնական հայտարարություն կրկին չկար:

 

«ՀԺ» հարցին, թե որ փողոցներն են փակվելու և ինչ ժամանակահատվածում, Ահարոնյանը պատասխանել է. «Աթենքի փողոցից մինչև Մարզահամերգային համալիր ուղեկցման համար անհրաժեշտ ժամանակ»:

 

Մի խոսքով, գրում է թերթը, այսօր ևս քաղաքացիները պետք է պատրաստ լինեն խցանումներին: Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար այլ երկրներից մի քանի տասնյակ պատվիրակություններ են ժամանելու: Առաջին դեմքերով, սակայն, որևէ երկիր չի ներկայանալու (բացի ԼԴՀ նախագահ Բակո Սահակյանից): Ի սկզբանե հայտնի էր միայն, որ Սարգսյանի ինաուգուրացիային մասնակցելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Բայց երեկ վերջինիս աշխատակազմը պաշտոնապես հաստատեց, որ նա Թուրքիայում հեծանվով զբոսանքի ժամանակ ընկել է, երեք տեղից կոտրել ուսը և վիրահատության ենթարկվել Ստամբուլում: Սահակաշվիլին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չի մասնակցի: