կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 19:37
Քաղաքական

Ժողովուրդը հայրենիքի, հույսի, խաղաղության անզեն բանակն է. Րաֆֆի Հովհաննիսյան

Ժողովուրդը հայրենիքի, հույսի, խաղաղության անզեն բանակն է. Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատամարտիկ, հերոս, հայրենիքի դրոշակակիր, դաշնակցական ընկերոջ Հրաչ Մուրադյանի համար պատասխան պիտի տան.այսօր Ազատության հրապարակում իր ելույթն այս խոսքերով սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ նա հայտարարեց, որ պայքարն այսօր է, ուրիշը չկա, դա ժողովրդի օրն է, ժողովրդի հետ միասին էլ հազարներով ու հարյուր հազարներով, միլիոններով ամբողջ Հայաստանում ընդդիմանում են ստին, կեղծին, անարդարությանը: «Փետրվարի 18-ի այն սրիկայության համար, որ փորձեցին իջեցնել մեր գլխին: Եվ ապրիլի 9-ի սուտ երդումը չենք ներելու»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ դիմելով ժողովրդին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ժողովուրդը հայրենիքի, հույսի, խաղաղության անզեն բանակն է, որը, բայցեւ, զինված է հույսով եւ գնում է դեպի հաղթանակ: «Ժառանգության» առաջնորդն առաջարկեց իշխանություններին` ենթարկվել ժողովրդի հրահանգին: Այնուհետեւ ժողովրդին ապրիլի 9-ին` առավոտյան ժամը 11-ին,  հրավիրեց Ազատության հրապարակ` նոր Հայաստանի հռչակման եւ երդմնակալության արարողությանը:

 

«Գալիս ենք Լեոնիդով, Մոնթեով, Մովսեսով, սպարապետով, գալիս ենք չծնկելու, մեր մեծ սխալն ուղղելու, չարիքը վանելու հանձնարարությամբ: Մենք միասին պատասխանատու երդում ենք տալու, նոր Հայաստանի ողնաշարը, արյունը, դրոշակն ու սահմանադրությունը մենք միասին պիտի դառնանք ապրիլի 9-ին` ուղիղ ժամը 12-ին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ապրիլի 9-ին հայտարարեց գործադուլ եւ դասադուլ ողջ հանրապետությունում:

 

«Ժառանգության» առաջնորդը բարձրաձայն զգուշացում հնչեցրեց` զինվորներին թողնել սահմանին, որտեղ իրենց պարտքն են կատարում` ապահովելով մեր խաղաղությունն ու տարածքային ամբողջականությունը, նաեւ հորդորեց` չփորձել «սպեցնազ» բերել ժողովրդի վրա: Այնուհետեւ նա ասաց, որ մինչեւ ապրիլի 9-ը, եթե որեւէ մարդ ասելիք ունի դեռ, նկատի ունենալով Սերժ Սարգսյանին կամ կաթողիկոսին, իրենք կլսեն, կգնահատեն նրանց կողմից ցանկացած քայլ դեպի ժողովուրդ, բայց կգնահատեն նաեւ այդ քայլի բացակայությունը:

 

«Մենք գիտենք, որ ապրիլի 9-ին ունենալու ենք ազգային միասնության տոն, եւ ոչ ոք չի հարամելու մեր այդ միասնությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: