կարևոր
1918 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-10 21:05
Քաղաքական

Անզեն ցուցարարի վրա մի ամբողջ զորք եք ուղարկում, իսկ զինված հանցագործին վնասազերծելու համար՝ օպերլիազոր․ Խամոյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրեց հանցագործությունների աճի մասին վիճակագրությունը:

«Այսպես, 2023 թվականին հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 8 տոկոսով։ Միջին ծանրության  հանցագործությունների դեպքերն օրինակ աճել են 24 տոկոսով, ծանր հանցագործություններինը՝ 20 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 90 տոկոսով։

Ուշադրություն, միայն 40 տոկոսով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը: Ավազակության դեպքերի աճը կազմել է 46.%։ Աճել են նաև խարդախության դեպքերը՝ 30 տոկոսով, 36,7 տոկոսով էլ աճել են համակարգչային հափշտակության դեպքերը։ Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ նախորդ տարի արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում․  14.6%-ով: 2023 թվականին նվազել է ինչպես միջին ծանրության, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մարդու դեմ ուղղված գրեթե բոլոր հանցատեսակների բացահայտման նվազում ունենք։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 171.8%-ով։ 2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել և կազմել է 17.5%՝ նախորդ տարվա 37,9%-ի համեմատ։

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 անգամ 300 տոկոսը։ Առավելապես իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշների նվազում ունենք։

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աճել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը՝ 10.2%-ով: Բացահայտումը կազմել է 36.8%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը։ Աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության այլ դեպքերը:

Սա ընդամենը վիճակագրության այն փոքր հատվածն է, որ  ներկայացրեցի ձեզ, ի դեպ, սա գլխավոր դատախազի ներկայացրած տարեկան հաշվետվությունից է, ավելի պաշտոնական թվեր չեն լինում, եւ եթե սա պաշտոնական վիճակագրություն է, պատկերացնել միայն կարելի է, թե  ինչպիսին է ոչ պաշտոնականը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: