Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատ երկիր, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն… այս ամենը, պարզվում է, ընդամենը թղթին գրված բառեր են, որոնք կարդում ենք՝ ինչպես այստեղ, ոչ ավելին: Մարդը պատժվում է իր իրավունքի, ինքնուրույն մտածելու, հայացքների համար, եթե դրանք շեղվում են թելադրված ստանդարտից, ինչպես ցանկացած բռնապետության մեջ:
Բայց մեր երկրի մասին թղթի վրա ճիշտ հակառակն է գրված. հետեւություն՝ ստի, կեղծիքի վրա երերացող երկիր, ոչ թե հանրապետություն, այլ Հայաստանի բռնապետություն, որտեղ ցանկալի է, ասենք, Րաֆֆու գլուխը ջարդելու մասին մարզպետի արած հայտարարությունը եւ նման լպրծուն մտքեր:
Ասածիս վառ ապացույցը «Հայոց աշխարհի» լրագրող Կիմա Եղիազարյանին աշխատանքից ազատելու տխուր փաստն է, որը երկու օր է՝ փոթորկել է սոցցանցերը: Ինչպես լրագրողն է նշում իր ֆեյսբուքյան էջում, «նախագահական պալատից արձակված հրովարտակի ուժով ինձ 10 րոպեում հեռացրին աշխատանքից»: Եվ հիշում է վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանի հայտարարածը, թե 10 րոպեում աշխատանքից կազատի «իշխանության մեջ գտնվող մարդկանց», որոնք կհամարձակվեն քննադատել վերադասին: Իսկ թե ինչու են ազատել աշխատանքից, լրագրողը նշում է. «Պատճառը ՖԲ-ի իմ ստատուսներն ու մեկնաբանություններն են: Համարձակվել եմ սեփական կարծիք արտահայտել: Պատկերացնո՞ւմ եք»:
Նույն գրառման մեջ Կիմա Եղիազարյանը շարունակում է մանրամասնել. «Փաստորեն, ինձ չհանդուրժեցին: Եվ, ի դեպ, վերին հրամանն էլ ինձ փոխանցվեց այնպես, որ մտածեցի` եթե միայն աշխատանքից ազատվելով պրծնեմ, փառք կտամ Աստծուն (եսի՞մ, ով իմանա, գուցե բանը հասնի ֆիզիկական ոչնչացմա՞ն): Ինչեւէ, մեր սիրելի իշխանության համար մարդն արժեք չունի. ստրուկ ես` լավ է, չէ` ուրեմն գնա գրողի ծոցը: Դե լավ, ինձ դուրս շպրտեցին` լավ արեցին, բայց մի՞թե դրանից իրականությունը փոխվելու է դեպի լավը… Ահա այսպիսի «մեծ ավետիս»: Շնորհավոր ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի «հարության տոնը»… (Հատուկ բարեւներ Մարգարիտ Եսայանին)»:
Վերջին արտահայտությունը վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ով այդ առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը ոչ մի կապ չունի Կիմա Եղիազարյանի պատմության հետ. «Ինձ իրականում ճանաչողները դույզն-ինչ չեն կասկածում, որ ես ոչ մի կապ չունեմ եւ չեմ կարող ունենալ այդ տգեղ եւ ամոթալի պատմության հետ, իսկ մյուսների համար հրապարակավ հայտարարում եմ՝ ես ոչ մի կապ չունեմ Եղիազարյան Կիմայի հետ կատարվածի հետ»:
Ի պատասխան այս գրառման, Կիմա Եղիազարյանը նշում է. «Երբ մի անձի մեջ միանգամից տեսնում ես վառվռուն կոմսոմոլկայի, մադմազել Կու-Կու-ի եւ տերթոդիկյան ոճի վարժապետի, այլեւս չես զարմանում, որ քեզ կարող է ներկայացնել այսպես` «Եղիազարյան Կիմա», իսկ իրեն` «Մարգարիտ Եսայան»: Անշուշտ, մադմազել Կու-կու-ներն ունեն իրենց «թափը» եւ գործում են դրա սահմաններում: Օրինակ, ԱԺ միջանցքներում բռնացնում են լրագրողներին եւ զարմացած հարցնում. «Էդ Կիման ընդդիմադիր ա դարձել, հա՞»:
Ի գիտություն բոլորի ասեմ, որ աշխատանքից ազատման մասին իմ ստատուսը, երբ ավարտել էի Մարգարիտ Եսայանին հատուկ բարեւներ ուղարկելով, նկատի ունեի հենց նրա` ԱԺ-ում ինձ վերաբերող հավատաքննչական հարցերը»:
Մարգարիտ Եսայանը մեր հեռախոսազանգին անմիջապես պատասխանեց՝ առանց հարցը լսելու. «Որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն չունեմ, այսօր մեռելոց է, հանգստանում եմ: Գիտեմ ինչի մասին պետք է հարցնեք, այսօր արդեն 15-րդ լրատվամիջոցն եք, որ զանգահարում եք: Ֆեյսբուքյան իմ պատին ինչ որ ասելու էի՝ գրել եմ, ավելացնելու եւ պակասեցնելու որեւէ բան չունեմ»: Այնուամենայնիվ ավելացրեց, որ ինքը մեկ անգամ է Կիմա Եղիազարյանին տեսել եւ անհեթեթ է համարում իր անունն այդ պատմության հետ կապելը: Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացած եւ Հանրապետականի շահերը չափից դուրս ջերմեռանդորեն պաշտպանող Մարգարիտ Եսայանն ինքն է հայտնվել որոշ անձանց թիրախում: Նրա հասցեին հակառակ ճամբարից տարբեր մեղադրանքներ ու գնահատականներ են հնչում, եւ Կիմա Եղիազարյանն անզգուշություն է ունեցել ինչ-որ կերպ մասնակցել կամ հավանություն տալ այդ հարձակումներին եւ արդյունքում ինքն էլ է դարձել ՀՀԿ վերնախավի թիրախը: Ի դեպ, այս կյանքում ամենից դիպուկ գործող կանոնը բումերանգի կանոնն է, որն այս դեպքում հարվածել է երկու ակտիվ տիկնանց:
Մենք Կիմա Եղիազարյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք իրեն անհանգստացնում են, չբավարարվելով աշխատանքից ազատելով: «Ինչ վերաբերում է իմ առաջին ստատուսում չակերտների մեջ առած ֆիզիկական ոչնչացման մասին ակնարկին, ապա հարց եմ տալիս, եթե իմ ընտանիքն ապրում էր այդ աշխատավարձով, ինչից ինձ զրկում են, ուրիշ ի՞նչ կերպ կարելի է մեկնաբանել նման հակամարդկային որոշումը, եթե ոչ ֆիզիկական ոչնչացում»:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հրապարակ» օրաթերթ