կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-03-29 17:03
Առանց Կատեգորիա

Ցուցակս ցուցակիդ վնաս չէ

Ցուցակս ցուցակիդ վնաս չէ

Երևանի ավագանու 65 տեղերի համար ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերն իրենց համամասնական ցուցակներով ներկայացրել են, ընդհանուր առմամբ, 700 թեկնածություն: Այսինքն` ավագանու յուրաքանչյուր տեղի համար մրցելու է 10-ից ավելի թեկնածու: Դրանցից 500-ն ընդգրկված են մասնակցող ուժերից երեքի` ՀՀԿ-ի (197), ԲՀԿ-ի (194) և ՕԵԿ-ի (107) համամասնական ցուցակներում: Փաստորեն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ներկայացրել են ամբողջ ավագանու ընդհանուր թիվն ավելի քան երեք անգամ գերազանցող ցուցակներ: Եթե զուտ տեսականորեն նրանցից մեկն ու մեկը ստանա ընտրողների 100 տոկոս ձայները, միևնույն է, ցուցակների մոտավորապես 130 և ավելի անդամներ մնալու են եզրագծից այն կողմ:

 

Թե ինչ է սա նշանակում, ինչու են այսքան թվով մարդկանց ընդգրկել իրենց ցուցակներում, ովքեր են նրանք, այս կուսակցություններից ոչ մեկը դեռևս հիմնավոր որևէ բացատրություն չի տվել: Միակ որոշակի միտումը կան օրինաչափությունը, որ կարելի է տեսնել նման ուռճացված ցուցակներում, այն է, որ դրանք փաստացի կազմվել են հնարավորինս տպավորիչ, շլացուցիչ գլխաքանակ ապահովելու սկզբունքով: Նրանք երևանցիներին, թերևս, ուզում են նման տպավորիչ ցուցակներով ապացուցել, թե կադրային այնքան ներուժ ունեն, որ կարող են ոչ թե մեկ, այլ միանգամից երեք-չորս Երևան կառավարել:

 

Համամասնական ցուցակներում ընդգրկվողների թվի առավելագույն կամ նվազագույն շեմ գոյություն չունի: Եթե նկատի ունենանք այս կուսակցությունների պնդումներն ավելի քան 300-400 հազար և ավելի անդամներ ունենալու մասին, ապա նրանք դեռ մի բան էլ համեստություն են արել. նույն հաջողությամբ կարող էին համամասնական ցուցակներում ընդգրկել կուսակցությունների` Երևանում հաշվառված բոլոր անդամներին` չհաշված քիչ թե շատ հեղինակություն, ճանաչելիություն ունեցող անկուսակցականներին: Սակայն երևի որոշել են խնայել շարքային երևանցիներին:

 

Իրականում, սակայն, այս ամենից բոլորովին ուրիշ «հոտ է գալիս»: ՀՀԿ-ն, նման ցուցակ կազմելով, թերևս, նպատակ է ունեցել շահագրգռել դրանում ընդգրկվածներին` ինչքան հնարավոր է շատ ձայներ բերել ՀՀԿ-ին: Ցուցակագրումը նաև յուրօրինակ «կոնտրոլի» ձև է: Բնական է, եթե մարզպետները, հանրապետական մարզային գերատեսչությունները տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց բոլոր լծակներով այսօր Երևանի քաղաքապետ ընտրելու «նվիրական» գործին են լծվել, ավագանու պոտենցիալ անդամները, նրանց «տանիքները» դրանից անմասն մնալ չէին կարող: Սովորաբար նման դեպքերում առկա է լինում նաև, այսպես կոչված, ինքնակամ դիմումներ գրածների ցուցակ. եթե ձայն բերելու կուսակցական հրահանգները չեն կատարվում հավուր պատշաճի, ու շտաբը դժգոհություններ է ունենում, սկսվում է «բնական ընտրությունը»: Իսկ այդ հարցում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ունեն բավարար փորձառություն. խորհրդարանական ընտրություններից հետո հենց այդ «բնական դաժան ընտրության» արդյունքում տասնյակ անձինք ինքնակամ դիմումներ գրեցին` իրենց տեղը զիջելով դրված առաջադրանքն ավելի «պատասխանատու» կերպով կատարած իսկական «պարտիականներին»:

 

Ցուցակներում մարդկանց նման քանակությունն, անշուշտ, տալիս է ընտրություն կատարելու լայն հնարավորություն: ԲՀԿ-ն, նույն խնդրին զուգահեռ, նման ցուցակ ներկայացնելով, նաև փորձում է ցույց տալ, թե որքան վճռական է տրամադրված Երևանը ՀՀԿ-ից «գրավելու» հարցում: Մյուս կողմից` այդպիսով նրանք ուզում են համոզել, որ ՀՀԿ-ից պակաս տպավորիչ կադրային բանկ չունեն: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա վերջինս ակնհայտորեն թույլ է տվել տակտիկական վրիպում: ՀՀԿ-ին իր հիմնական մրցակիցը համարող կուսակցությանը սազական չէր ներկայացնել մի ցուցակ, որը ուղիղ 90-ով պակաս է իր հիմնական մրցակցից, մանավանդ եթե հաշվի առնենք, թե երկրաչափական ինչպիսի պրոգրեսիայով է «աճում» ՕԵԿ-ի շարքերը համալրողների թիվը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ