կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 16:51
Իրավական

''Հարսնաքարի'' գործով պաշտպանները վախենո՞ւմ են ԶԼՄ-ների ազդեցությունից

''Հարսնաքարի'' գործով պաշտպանները վախենո՞ւմ են ԶԼՄ-ների ազդեցությունից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում պաշտպանական կողմը միջնորդեց իրենց պաշտպանյալների ցուցմունքները լսել դռնփակ նիստում:

 

Մասնավորապես` Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը հայտնեց, որ լրատվամիջոցները խեղաթյուրում են ամբաստանյալների ցուցմունքները, իսկ  տեսանկարահանված կադրերում ցուցադրում են այն հատվածները, որոնք պաշտպանում են մեղադրող կողմին:

 

Մեղադրող դատախազ Դավթյանը (ի դեպ, մյուս մեղադրողը` Արմեն Մարուխյանը, չէր ներկայացել) առարկեց` հիմնավորելով, որ լրատվամիջոցների գնահատականը չի կարող ազդեցություն ունենալ  դատարանի` արդարադատություն իրականացնելու վրա:

 

Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ, իր հերթին, միջնորդեց, որպեսզի նախ հարցաքննեն վկաներին, ապա նոր ամբաստանյալներին, որպեսզի վկաների ցուցմունքները չբխեն լրատվամիջոցների հրապարակումներից:

 

Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը` պատճառաբանելով, որ բավարար հիմքեր չկան, իսկ լրատվամիջոցներին խնդրեց հնարավորինս օբյեկտիվ լուսաբանել գործը:

 

Գարիկ Մարգարյանի  պաշտպան Մարինե Թովմասյանն էլ  միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ մեկ այլ քրեական գործով քննչական գործողություններին պարտադիր պետք է ապահովվեր իր ներկայությունը:

 

Դատական նիստը հետաձգվեց  մինչև մարտի 29-ը: