Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այո՛, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն: Դա սահմանադրական հեղափոխություն է, որ անում ենք բոլորս միասին եւ, առաջին հերթին, մեր հասարակության ակտիվ մասնակցությամբ: Դա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է՝ լի հազարավոր, տասնյակ հազարավոր ձեռքսեղմումներով: Դրա միջոցով Րաֆֆին փորձում է հասնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Ոմանք դրան փորձում են սարկազմով վերաբերվել, բայց, ճիշտն ասած, իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում: Նա ապացուցում է, որ ընդդիմադիր լինել՝ չի նշանակում շուրջբոլորը ատելություն տարածել»,- Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը:
Ավանդույթի համաձայն` նա անդրադարձավ նաեւ նախագահի մեկ այլ թեկնածուի` նախկին վարչապետ, ներկայումս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին:
«Հիշում եք, չէ՞, Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղզական և թունիսական ճանապարհ էր առաջարկում: Եվ շատ ժամանակ չի անցել այն օրվանից: Այսօր, որքան էլ համաձայն չեմ Հրանտի հետ, բայց հետաքրքրությամբ եմ դիտում հեռուստացույցով նրա հարցազրույցները: Եվ ուրախ եմ, որ նրա պես պատգամավորներ կան մեր Ազգային ժողովում, ով ծրագիր է գրում եւ փորձում է այլընտրանքային ճանապարհ ցույց տալ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ հիշեցրեց, որ թեեւ բազմաթիվ անգամ ասել է, որ նույնիսկ եթե արմատից համաձայն չեն ցանկացած կարծիքի հետ, ապա այդ կարծիքը լռեցնելու իրավունք չունեն:
«Մենք պետք է հնարավորություն տանք մարդուն իր կարծիքն արտահայտելու, և եթե կարողանում ենք՝ ինքներս էլ հրապարակայնորեն պետք է վիճենք այդ կարծիքի հետ, եթե կարող ենք, իհարկե, նաև հերքել»,- նշեց Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնեց իր ընդդիմադիրներին:
«Ես համարում եմ, որ նրանց հետ միասին մենք, իրոք, հեղափոխություն ենք անում Հայաստանում: Եվ դա սահմանադրական հեղափոխություն է: Եվ դա հեղափոխություն է, որ առաջին հերթին, տեղի է ունենում մեր գիտակցության մեջ»,- վստահեցրեց նա:
Ուշագրավ է, բայց, ի տարբերություն իր նախկին բազմաթիվ ելույթների, Սերժ Սարգսյանն այս անգամ Պարույր Հայրիկյանի անունը չտվեց: