կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 15:14
Հասարակություն

24 միլիոն` Երեւանի կանաչապատմանը

24 միլիոն` Երեւանի կանաչապատմանը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին 526 միլիոն դրամ գումար հատկացնելու որոշումը:

 

Հիշյալ գումարները նախատեսված է տրամադրել անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամին` «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի եւ «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառվերականգնման» ծրագրի շրջանակներում 20 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների կատարման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերի մասնակի ֆինանսավորման նպատակով:

 

Ըստ այդմ, ինչպես ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, նշված գումարից հիմնադրամը 24 միլիոն 256.1 հազար դրամով կիրականացնի Երեւանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 31 հա տարածքի անտառապատման աշխատանքները, 19 միլիոնով Գյումրու անտառտնտեսության Արթիկի անտառպետության 20 հա տարածքի վրա անտառատնկման եւ ցանկապատման աշխատանքները: Իսկ մնացած 9 միլիոն 249.5 հազար դրամը կուղղվի գործադիր մարմնի 2013 թվականի պահպանման ծախսերին:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը պայմանավորվել էր Երեւանի քաղաքապետարանի հետ, որպեսզի վերջինս ներկայացներ կանաչապատման համալիր ծրագիր, քանի որ քաղաքի էկոլոգիական իրավիճակը պետք է բարելավվի նաեւ այս միջոցառման միջոցով:

 

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ տեղեկացրեց, որ քաղաքապետարանն այժմ աշխատում է պետական, հասարակական եւ այլ ոլորտի կազմակերպությունների հետ` ֆինանսական բոլոր աղբյուրների ճշգրտման ուղղությամբ, եւ 1 ամսից պատրաստ կլինի այս ծրագիրը: