Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012-ին «Անտարես» հրատարակչությունը սկսեց նոր` «XXI» մատենաշարը հրատարակել, որում արդեն տեղ գտավ 5 գիրք: Այս տարի նախատեսվում է այդ շարքը լրացնել եւս 6 գրքով. արձակագիր Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» կլինի մատենաշարում այս տարի հրատարակվող առաջին գիրքը, որին կհաջորդեն Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն` երկու ձայնով» գիրքը եւ Համբարձում Համբարձումյանի պատմվածքների ժողովածուն:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ յուրաքանչյուր հասարակության մեջ 5 տոկոսն է ընթերցող, իսկ 5 տոկոսը կարդալ չի սիրում, մնացած 90 տոկոսի «կարգավիճակը», ըստ Մարտիրոսյանի, կապված է իշխանության դիրքորոշումից:
«Եթե իշխանությունը գրքասեր լինի, մյուսներն էլ կկարդան: Չնայած, մյուս կողմից, ընթերցողներին չեն կարող մեղադրել, քանի որ մոտ երեք տարի առաջ մեր գրախանութները չունեին բովանդակություն: Եվ հետո` գրախանութներն աշխատում են նույն ժամային գրաֆիկով, ինչ մյուս կազմակերպությունները. այս դեպքում հարց է առաջանում` ո՞ւմ համար են գրախանութները` անբանների՞»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց նաեւ, որ ընթերցանության պակասը գրքերի գնի հետ նույնպես կապ չունի, քանի որ, ինչպես նշեց Մարտիրոսյանը, «Անտարեսը», 50 դրամ արժողությունից սկսած, գրքեր ունի, որոնք նույնպես լավ չեն վաճառվում. «Վրաստանում, որի բնակչությունն, ասենք, երկու անգամ շատ է մեզնից, շաբաթաթերթերի հետ ամսական 20 000 գիրք են մարդիկ գնում, եւ գրքերը հրատարակվում են 80 000 տպաքանակով: Ի դեպ, այնտեղ գրքերն ավելի մատչելի չեն, քան Հայաստանում»:
Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էլ կարծում է, որ ժամանակակից գրողներն այժմ սկսել են գրավել գրական նոր դաշտ, ինչը մեզ շատ է հարկավոր: Բոյաջյանի կարծիքով` Հայաստանում գրող լինելը պերճանք է, քանի որ նա պարտավոր է համակերպվել այն մտքի հետ, որ իր գրքերը չեն վաճառվելու. «Գրողներն այժմ ստիպված են իրենց ժամանակը ծախսել կենցաղային հարցերի վրա: Սոցիալական պայմաններն ազդում են նաեւ ընթերցողների վրա, քանի որ նրանք սկսում են այլ խնդիրներով հետաքրքրվել, ինչն էլ անտարբերության է մատնում գրողին ու նրա ստեղծած աշխատանքը»:
Արձակագիր Արամ Պաչյանը համամիտ է Բոյաջյանի հետ եւ համարում է, որ գրողի համար անհրաժեշտ է ստեղծել սոցիալական նպաստավոր պայմաններ, որպեսզի նա մտածի միայն ստեղծագործելու մասին. «Իսկ հիմա մենք վազում ենք ժամանակի հետեւից եւ փորձում գտնել այն ժամանակը, որը կծախսենք ստեղծագործելու համար: Մեր մտքերը, ցանկությունն ու զգացածը գրի վերածելու համար պետք է գրողի միտքն ազատ լինի կենցաղային հարցերից»:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, արձակագիր Արմեն Օհանյանը եւ Հրաչյա Սարիբեկյանը, ինչպես նաեւ «1-ին հայկական գրական գործակալության» տնօրեն Արեւիկ Աշխարոյանը, հարցի հետ կապված, նույնպես հայտնեցին իրենց կարծիքը:
Մանրամասները` տեսանյութում:
Նյութը եւ լուսանկարը` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ