Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռ ամիսներ առաջ ենթադրում էի, թե նախագահական ընտրություններից անմիջապես հետո բոլոր հնարովի լրատվական կայքերը փակվելու են, նրանք, որոնք ստեղծվել են կարճատեւ հաջողություն «գրանցելու» եւ կոնկրետ քարոզչական խնդիր ապահովելու համար, դուրս են գալու, էլեկտրոնային լրատվադաշտը մաքրվելու է: Ընտրություններից հետո իսկապես որոշները փակվեցին, բայց նաեւ բացվեցին նորերը, որոնց հիմնական անելիքը լրատվադաշտը աղավաղելն է, փնթի լրատվությամբ «copy-past»-ի ինստիտուտը զարգացնելը:
Մարտի 12-ին yerkir.am-ում նյութ եմ գրել՝ «Փառք քեզ, Տեր Աստված» վերնագրով: Այսօր ընկերս ասաց, որ նոր լրատվական կայք է բացվել՝ norlur.am: Բացեցի՝ ձեռագրին ծանոթանալու համար ու... Տատս կասեր՝ «աջեբների գլխին մի աջեբ էլ ավելացավ»: Որպես գլխավոր թեմա` կայքում դրած էր իմ նյութը` http://norlur.am/hy/News/Details/politic/420: Չեն զլացել փոխել միայն նկարը, վերնագիրը (Անփոխարինելիները` առանց որոնց «ազգը կկործանվեր...») եւ հեղինակին: Սեւակ Հակոբյանը դարձել է admin admin: Եվ էլի երկու կայքի հասցե է նշված նյութի տակ՝ որպես հեղինակ՝ louysworld.com, pressing.am:
Ոչ այլինչ, քան անբարոյականություն, ես սա համարել չեմ կարող: Ես դեմ եմ անգամ, երբ կայքդ փորձում ես ճանաչելի դարձնել կամ լրատվությամբ լցնել ուրիշ կայքի թեկուզ մեկ լուրի հաշվին: Խոսքս տեղական լուրերի ու հոդվածների մասին է: Իհարկե, երբեմն ինքներս ստիպված ենք լինում yerkir.am-ում լուրեր տեղադրել ուրիշ կայքերից, բայց՝ նախ այնպիսի լուրեր, որոնք հրատապ են եւ ամբողջությամբ բացառիկ, ընդ որում` պարտադիր նշում ենք աղբյուրը: Մի խոսքով` միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Եթե իմ նյութն այդքան հրատապ էր, առանց որի ապրել չէիք կարող եւ ուզում էիք ձեր ընթերցողին էլ տեղյակ պահել, խնդրեմ, հղում տայիք: Կամ այնպիսի լրագրողներ ձեռք բերեք, որոնք կարող են նաեւ հեղինակային նյութ գրել կամ սեփական վերլուծությունն անելու ուղեղ ունենալ: Փառք Աստծո, ինձանից խելացիները շատ են: Սակայն հայկական լրատվությունը սկսում է խորանալ ցեխի ու ճահճի մեջ: Երկրում այնքան լրագրող չի «թողարկվում», որքան լրատվամիջոց, ուստի ոմանք, փող մուրալով եւ ստանալով, բացում են լրատվական կայք ու միայնակ 10 հոգու գործ անում՝ ուրիշների հաշվին: Ստիպված ենք առավոտից երեկո զանգել, գրել, նամակ ուղղել խմբագրություններին ու ասել՝ մի՛ գողացիր, հղո՛ւմ տուր, գոնե ժա՛մն ուղղիր, որ իմ լուրը ինձանից շուտ չդնես: Լավ, այսպես մինչեւ ե՞րբ: Դուք հո յալանչի չե՞ք:
Ամենազավեշտալին էլ այն է, որ կայքի «Կապ մեզ հետ» բաժնում հեռախոսի որեւէ համար կամ էլեկտրոնային փոստի հասցե չկա, այլ մի գրություն. «Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս կամ արտատպելիս հղումը NorLur.am-ին պարտադիր է»։ Բա ձեր գրածը ձեզ ընդհանրապես չի՞ վերաբերում:
Դիմում եմ norlur.am-ին. ինչո՞ւ եք ձեր ներկայությամբ պղտորում լրատվական՝ առանց այն էլ պղտորացող դաշտը: Փող ունեք եւ չգիտե՞ք ինչպես ծախսել, տվեք մեզ, մենք առավոտից չարչարվում ենք, իսկ գալիս են ձեր նման նորելուկներ, մեր նյութերից, այստեղ-այնտեղից գողանում, մի քիչ էլ քարոզչություն անում ու ահա` circle.am-ում մղվում առաջին տասնյակներ: Չեմ զարմանա, որ վաղը այդ ռեյտինգային կայքում մեզանից առաջ անցնեք: Լավ, բա սա լրագրությո՞ւն է:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ