կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-22 21:30
Առանց Կատեգորիա

Մի՛ գողանար

Մի՛ գողանար

Այս հոդվածը գրել եմ ուղիղ երեք ամիս առաջ, այժմ ստիպված եմ կրկին տպել՝ միայն լրատվամիջոցի անունը փոխելով:

 

Դեռ ամիսներ առաջ ենթադրում էի, թե նախագահական ընտրություններից անմիջապես հետո բոլոր հնարովի լրատվական կայքերը փակվելու են, այն կայքերը, որոնք ստեղծվել են կարճատեւ հաջողություն «գրանցելու» եւ կոնկրետ քարոզչական խնդիր ապահովելու համար, դուրս են գալու, էլեկտրոնային լրատվադաշտը մաքրվելու է: Ընտրություններից հետո իսկապես որոշները փակվեցին, բայց նաեւ բացվեցին նորերը, որոնց հիմնական անելիքը լրատվադաշտը աղավաղելն է, փնթի լրատվությամբ «copy-past»-ի ինստիտուտը զարգացնելը:

 

Հունիսի 21-ին հոդված եմ գրել՝ «Թե ինչպես գրվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը»:


Պատահաբար իմացա, որ նոր տեղեկատվական կայք կա՝ http://vemard.com: Բացեցի՝ ձեռագրին ծանոթանալու համար ու... Տատս կասեր՝ «աջեբների գլխին մի աջեբ էլ ավելացավ»: Կայքում դրած էր իմ 4 էջանոց հոդվածը, նույնությամբ, պարզապես խնամքով հանել են հեղինակի անունը ու տակը մանր տառերով գրել՝ «Աղբյուր - yerkir.am»: Չեն զլացել փոխել միայն նկարը եւ վերնագիրը («Գեներալների օրինագծի գրման մանրամասները. գաղտնազրույց նրանց միջև»):

 

Ոչ այլինչ, քան անբարոյականություն, ես սա համարել չեմ կարող: Ես դեմ եմ անգամ, երբ կայքդ փորձում ես ճանաչելի դարձնել կամ լրատվությամբ լցնել ուրիշ կայքի թեկուզ մեկ լուրի հաշվին: Խոսքս տեղական լուրերի ու հոդվածների մասին է: Իհարկե, երբեմն ինքներս ստիպված ենք լինում yerkir.am-ում լուրեր տեղադրել ուրիշ կայքերից, բայց՝ նախ այնպիսի լուրեր, որոնք հրատապ են եւ ամբողջությամբ բացառիկ, ընդ որում' պարտադիր նշում ենք աղբյուրը: Մի խոսքով' միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Եթե իմ նյութն այդքան հրատապ էր, առանց որի ապրել չէիք կարող եւ ուզում էիք ձեր ընթերցողին էլ տեղյակ պահել, խնդրեմ, արեք պատշաճորեն: Կամ այնպիսի լրագրողներ ձեռք բերեք, որոնք կարող են նաեւ հեղինակային նյութ գրել կամ սեփական վերլուծությունն անելու ուղեղ ունենալ: Փառք Աստծո, ինձանից խելացիները շատ են: Սակայն հայկական լրատվությունը սկսում է խորանալ ցեխի ու ճահճի մեջ:

 

 Երկրում այնքան լրագրող չի «թողարկվում», որքան լրատվամիջոց, ուստի ոմանք, փող մուրալով եւ ստանալով, բացում են լրատվական կայք ու միայնակ 10 հոգու գործ անում՝ ուրիշների հաշվին: Ստիպված ենք առավոտից երեկո զանգել, գրել, նամակ ուղղել խմբագրություններին ու ասել՝ մի՛ գողացիր, հղո՛ւմ տուր, գոնե ժա՛մն ուղղիր, որ իմ լուրը ինձանից շուտ չդնես: Լավ, այսպես մինչեւ ե՞րբ: Դուք հո յալանչի չե՞ք:

 

Բայց ամենազավեշտալին այն է, որ որոշներին զանգով կամ գրելով էլ չես կարողանում հասկացնել, որ իրենց արածը ստորություն է: Ասում եմ, դուք խախտել եք իմ հեղինակային իրավունքը, ինձ պատասխանում են. «Հարգելի Սևակ Հակոբյան !! Մենք հետևում ենք Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, և ոչ թե Ձեր կայքի կողմից գրված օրենքներին»:

 

Կատարյալ ապուշության բացառիկ դրսեւորում: Ինձ ցույց տվեք մի օրենք, որ թույլ է տալիս, copy անել ամբողջ նյութը ու հեղինակին դուրս հանել:

 

Սրան էլ պատասխան ունեն. «Սևակ ջան, ինչը որ գրված չէ օրենքով, ուրեմն թույլատրելի է :) իսկ Դուք ինձ օրենքից դուրս ոչինչ չեք կարող ԱՐԳԵԼԵԼ կամ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ :) Կրկնում եմ, նյութը չի խախտել ոչ մի օրենք, ամեն ինչ կարգին է գրված, իսկ Ձեր օրենքները պահեք Ձեզ, Վէմարդը պարտավոր չէ Ձեր օրենքներով առաջնորդվել»:

 

Ես չգիտեմ այս ախմախ մեկնաբանությունը ով է գրել, բայց ստացվում է, որ իրենք իրենց լրիվ արտոնել են գողանալ իմ նյութը, հանել հեղինակի անունը, չտալ հղում, մեր կայքի կանոնադրությունը խախտել ու խոսել ՀՀ ինչ-որ օրենսգրքի մասին: Իսկ մեղավորն էլ ես եմ, որ հոդված եմ գրել:

 

Չգիտեմ, թե այդ կայքը ով է ղեկավարում, չգիտեմ՝ աշխատակազմ կա, թե ոմանց պես մեկ հոգի, տանը նստած, նյութ գողանալով, կարիերա է կերտում, բայց Ձեր արածը, «կոլեգաներ», բարոյական սահմաններից դուրս է:

 

Դիմում եմ http://vemard.com-ին. ինչո՞ւ եք ձեր ներկայությամբ պղտորում լրատվական՝ առանց այն էլ պղտորացող դաշտը: Փող ունեք եւ չգիտե՞ք ինչպես ծախսել, տվեք մեզ, մենք առավոտից չարչարվում ենք, իսկ գալիս են ձեր նման նորելուկներ, մեր նյութերից, այստեղ-այնտեղից գողանում, մի քիչ էլ քարոզչություն անում ու ահա' circle.am-ում մղվում առաջին տասնյակներ: Չեմ զարմանա, որ վաղը այդ ռեյտինգային կայքում մեզանից առաջ անցնեք: Լավ, բա սա լրագրությո՞ւն է:

 

Իսկ մենք էլեկտրոնային լրատվամիջոցների հետ ընդամենը երեկ հայտարարություն էինք տարածել՝ փորձելով պաշտպանել մեր կայքերը նման ոտնձգություններից:  

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ