կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 22:58
Քաղաքական

"Ժառանգության" ներկայացուցիչը հերքել է իրեն կաշառք առաջարկելու լուրերը

"Ժառանգության" ներկայացուցիչը հերքել է իրեն կաշառք առաջարկելու լուրերը

2013թ. փետրվարի 18-ին եւ 19-ին էլեկտրոնային լրատավամիջոցներով տարածվել է «Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագիր»-ը, որում ի թիվս այլ խախտումների` նշված էր, որ թիվ 08/22 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Համբարձումյան Արմենուհուն նախ փորձել են կաշառել, ապա սպառնացել են:



ՀՀ դատախազությունը նշված հրապարակումներն ուղարկել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին` հանձնարարելով ստուգել դրանցում մատնանշված հանգամանքները: Նյութերի նախապատրաստման շրջանակներում թիվ 08/22 ընտրատեղամասի հանձնաժողվի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Ա. Համբարձումյանը բացատրություն է տվել, որ 2013թ. փետրվարի 18-ին Նախագահի ընտրությունները նշված ընտրատեղամասում ընթացել են առանց խախտումների եւ միջադեպերի: Ընտրակեղծիքներ եւ լցոնումներ չեն եղել:



Իր բացատրություններում Ա. Համբարձումյանը նշել է նաեւ, որ իրեն ոչ ոք կաշառք չի առաջարկել, չի ահաբեկել, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել: Իսկ թե նման տեղեկություն ինչու է հրապարակվել էլեկտրոնային լրատվամիջոցներում, Ա. Համբարձումյանը դժվարացել է բացատրել եւ նշել, որ տեղյակ չէ, եւ որ ինքը որեւէ լրագրողի չի հրավիրել:



Բացատրություններ է տվել նաեւ թիվ 08/22 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ի. Մարգարյանը, ով հավաստել է, որ քվեարկությունն ընթացել է առանց խոչընդոտների:



2013թ. փետրվարի 21-ին հարցում է ուղարկվել «Ժառանգություն» կուսակցություն, որտեղից հաջորդ օրը` փետրվարի 22-ին ստացվել է պատասխան, ըստ որի` վերոհիշյալ հրապարակումներում նշված տեղեկություններն ստացվել են ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբում եւ հաղորդումը վերաբերել է թիվ 08/23 ընտրատեղամասում հանձանաժողովի «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող անդամ Ս. Ալեքսանյանին:

 

Այսպիսով` նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ թիվ 08/22 ընտրատեղամաս հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Ա. Համբարձումյանին ոչ ոք կաշառք չի առաջարկել, նրան չեն ահաբեկել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրվել, հետեւաբար բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցակազմի հատկանիշ: