կարևոր
2407 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-15 17:47
Հասարակություն

Պարեկներին կաշառք առաջարկելու դեպքերով դատավճիռներն են կայացվել

Պարեկներին կաշառք առաջարկելու դեպքերով դատավճիռներն են կայացվել

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների ընթացքը ևս հանգուցալուծվել է մեղադրական դատավճիռների կայացմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով Ա.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Իրականացված համակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Ա.Ն.-ն Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկին առաջարկել է 16 հազար դրամ կաշառք՝ իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար, որից անմիջապես հետո պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին:

2022 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ա.Ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երեք տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մ.-ն 2022 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5-րդ կիլոմետր հատվածում պաշտոնատար անձին` Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի կրտսեր պարեկին անձամբ տվել է 15 հազար դրամ կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար: Նշվածից անմիջապես հետո Կ.Մ.-ն կաշառք տալու կասկածանքով տեղափոխել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Կ.Մ մեղավոր է ճանաչելով Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:

Մինչ այս, Ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 5 քրեական վարույթներով ևս կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները՝ ևս մեկ անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու հանցավոր դրսևորումներից:

Յուրաքանչյուր նմանօրինակ դեպք արժանանալու է իրավապահ համակարգի համարժեք հակազդմանը և հանցավոր արարք կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության: