կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 12:43
Առանց Կատեգորիա

Ձիերը չեն փոխվի

Ձիերը չեն փոխվի

Մեծ ու փոքր զանազան պաշտոնյաների հրաժարականների վերաբերյալ լուրերը շարունակում են մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ակնհայտ է, որ հայ պաշտոնական դասի միևնույն դեմքերից հոգնած-զզված հայ հանրությանը համակել է հրաժարականների սպասումը, այդ տենդը «բռնել» է նույնիսկ նրանց, ովքեր երբևէ չեն հետաքրքրվել քաղաքականությամբ:

 

Շիրակի մարզպետի հրաժարականի լուրին հաջորդեցին լուրերը Վանաձորի, ապա Արմավիրի  քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ, որոնք, սակայն, ի հեճուկս հասարակ քաղաքացիների, առայժմ չեն իրականանում: Ավելին` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանդես է եկել իր հրաժարականի մասին լուրերը հերքող հայտարարությամբ, թեև չի բացառել, որ կուսակցական վերադասի «պահանջի» դեպքում ինքը չի հապաղի այդ անել: Ավելի ուշ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ, մասնավորապես, Վանաձորի քաղաքապետի հարցը քննարկվելու է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առաջիկա նիստում: Ավելորդ է ասել, թե ինչ հետաքրքրությամբ է հանրությունը սպասում ՀՀԿ ԳՄ նիստին և դրա ընթացքում կայացվելիք որոշմանը, որովհետև եթե հաստատվեն հրաժարականի վերաբերյալ պնդումները, ուրեմն Վանաձորի քաղաքապետը կդառնա «օրինակելի» նախադեպ, որի հանգույն  հրաժարական կտան նախագահական ընտրությունները «ձախողած» բազմաթիվ այլ համայնքների ղեկավարներ, չնայած այն բանին, որ Վանաձորի քաղաքապետի համար, բացի  ձախողումից, կա նաև մեղքը ծանրացնող այնպիսի անհատական հանգամանք, որպիսին իր քաղաքի ընտրողների ինտելեկտուալ մակարդակի վերաբերյալ քաղաքապետի հրապարակային կասկածն է: Հիշեցնենք, որ Ս. Դարբինյանն իր համաքաղաքացիների մեծ մասին «անգիտակից» էր համարել, քանզի վերջիններս, չգիտակցելով-չգնահատելով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի տիտանական ջանքերը քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը բարվոքելու ուղղությամբ, ընտրություններում իրենց ձայնը տվել են ուրիշի:

 

Եվ մինչ հանրությունը հրաժարականների կանխավայելքի մեջ է, կամաց-կամաց ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ ղեկավարությունն այդ ճանապարհով չի գնալու. նա բավականաչափ խելամտություն ունի` հրաժարվելու ընտրովի պաշտոնյային հրաժարականով պատժելու գայթակղությունից, մանավանդ որ հստակ գիտակցում է բոլոր այն հետևանքները, որ կարող են հաջորդել ստիպողական հրաժարականներին: Իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել: ՀՀԿ-ամերժության այս համընդհանուր մթնոլորտում, երբ մերժվում է նույնիսկ «երախտավոր» ՀՀ նախագահը, որևէ երաշխիք չկա, թե այս կամ այն համայնքի ղեկավարի նոր ընտրություններում հաջողության կարող է հասնել որևէ այլ իշխանական թեկնածու: Մինչդեռ գործող համայնքի ղեկավարը, լավ թե վատ, իշխող ուժի ներկայացուցիչ է, հնազանդ պաշտոնյա, որին այսուհետ այլ բան չի մնում, քան հարազատ կուսակցության համար ջանալ առավել, քան երբևէ:

 

Ուրեմն ինչո՞ւ փոխել ձիերին կուսակցության համար այս ոչ այնքան բարենպաստ  ընթացքի ժամանակ: Ձիերը չեն փոխվի:

 

Լևոն Սարգսյան