կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 13:06
Քաղաքական

Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի. Արմեն Ռուստամյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ հարցին ի պատասխան, Ռուստամյանն ասաց, որ խնդիրը դեռևս շրջանցված չէ: «Ցուցակների հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, դեռևս հստակություն չկա, և մենք չենք շրջանցել այդ արգելքը: Որևէ հակասություն չկա, բայց խնդիրը դեռ հստակ չէ: Եթե սարքը թույլ չի տալիս բազմակի քվեարուկություն, այստեղ ընդդիմանալը տեղին չէ, այսինքն` պետք է այդ ցուցակները չհրապարակվեն: Ընտրատեղամասերում կուսակցություններն ունեն իրենց վստահված անձինք, բոլորը կարող են ընտրատեղամասում պարտադրել ընտրացուցակները, երկու-երեք հոգով հաստատեն, որ դա ճիշտ է: Կարծում եմ, որ եթե  այդ ամբողջ պրոցեսը տեղի է ունենում, ցուցակների հրապարակումը դառնում է ձևական»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն, ասես, միասնական պլատֆորմ է տեսնում քաղաքացիական հասարակության հետ և հնարավոր է նաև փողոց դուրս գալու տարբերակ քննարկվի, ՀՅԴ-ականը պատասխանեց, որ որևէ խնդիր չի տեսնում, թող հասարակություն էլ մասնակցի, և քննարկումը տեղի ունենա կառուցողական դաշտում:

«Կառուցողական դաշտում պետք է դա պարզապես լինի, ուլտիմատում դնելով չէ, կա\'մ ամեն ինչ, կա\'մ ոչինչ տարբերակով չէ: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այս գործելաոճը արդյունք չի տալիս: Եթե, ասենք, նրանք տասը կարևոր հարց ունեն, և դրանցից ութը համաձայնեցվի, թող համարեն մեծ հաջողություն, ոչ թե մտածեն, որ տասից տասին էլ համաձայնություն չի տրվել, և դա վատ է»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ այդպիսի մոտեցման արդյունքում իշխանությունը կարող է ասել` եթե այդպես է` որևէ առաջարկ էլ չենք ընդունում:

«Եթե քաղաքական համաձայնությամբ կարող ենք հասնել ավելի լավ արդյունքի, ուրեմն արժե անել, որովհետև մենք բոլորս էլ պետք է գնանք ընտրությունների: Եթե մի քանի մեխանիզմ էլ ավելացնենք, մենք բոլորս էլ օգտվելու ենք: Պետք է մարդիկ հասկանան, թե ռեալ պոլիտիկ ասածն ինչ է: Դրա հնարավորությունը կա, բոլորի տեսակետներն արտահայտվում են: Ես չեմ տեսնում, որ որևէ մեկը տեսակետ չարտահայտի»,- ընդգծեց նա:

Ըստ Ռուստամյանի` թեև իրենք իշխանության հետ համագործակցում են, բայց ազատորեն արտահայտում են իրենց տեսակետը: «Բոլորը գիտեն, որ Դաշնակցությունն ունի հստակ դիրքորոշումներ` այս հարցերի հետ կապված, բայց մենք կարող ենք հարցեր քննարկել և գնալ կոմպրոմիսի»,- նշեց նա:

Հարցին` եթե 2017 թվականի ընտրությունները կեղծվեն, հնարավո՞ ր է գրանցվի հերթական քաղաքական ապահարզանը, Ռուստամյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Խնդիրն այն չէ, թե տվյալ պահին ինչպիսին կլինի քաղաքական կոնյունկտուրան, կարևորն այն է, որ Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի: Մենք ամեն առիթ օգտագործում ենք, որ մեր գաղափարներն իրականություն դարձնենք: Դաշնակցությունն ամեն ինչ անելու է, որ, ունենալով լավ կառավարման համակարգ, լավ ընտրական համակարգ, էական թռիչքաձև զարգացման գնանք: Դրա համար Դաշնակցությունն ամեն քայլի գնալու է` չշեղվելով իր հիմնական սկզբունքներից: Մենք հենց կեղծիքների դեմ էլ պայքարում ենք»: