կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-17 22:17
Մշակույթ

Մահացել է բանաստեղծ Վահան Վարդանյանը

Մահացել է բանաստեղծ Վահան Վարդանյանը

51 տարեկանում հանկարծամահ է եղել բանաստեղծ Վահան Վարդանյանը: Yerkir.am-ը ներկայացնում է մի քանի ստեղագործություններ բանաստեղծի «Պատկերագիր կամ խոհեր» շարքից, որը տպագրվել է իր իսկ խմբագրած «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի 2010-ի 5-րդ համարում:

 

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ճանապարհին ասացին` դժվար է երկրում, խաչելություն է.
Իսկ Նա գալիս էր...


Ո՜նց եք անցնում այս ճանապարհը մենակ,
Աստծո հետ հազիվ անցա...
Ամենքս աշխարհի ցրտի մեջ հայտնված ներփակ
ջերմություններ ենք...
Թռչուն եմ` թողնված փոթորիկների մեջ,
Իմ ներսի տաքը պահպանիր...
Անտուն թռչուն եմ.
Թռչում եմ, ո՜ւր...


- Ձեր ճամփան զուր է,-
Ե՜տ, դեպի տուն...

 

ԱՆՇԱՐԺԸ
Մեկն է և չի բազմապատկվում,
Չի ածանցվում երբեք, չի շատանում թվով՝
Մահացյալն է.

Ենթադրի՛ր Աստծո կողքին…

Կյանքը ճար ունի, մահն է, որ անճար է...

Մարդ էր մահանում, ես էի` մեկ ուրիշ վայրում...

Դուրսը մահացել է, միակ կենդանի բանը ես եմ
Ամայության ներսում: