Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մտահոգված լինելով հացադուլի մեջ գտնվող` ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելել է նրան։
Հետաքրքրվելով ՀՀ նախագահի թեկնածուի ինքնազգացողությամբ` նախարարը տեղեկացրել է, որ հացադուլի այս փուլում յուրաքանչյուր պահի նրա օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ լինել` անցանկալի, ծանր հետևանքներով։
Այցից հետո նախարար Դումանյանի մոտ կայացել է խորհրդակցություն` առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Գնահատելով ունեցած նվազագույն օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ինչպես նաև քննարկելով 24 օր հացադուլում գտնվող մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին բժշկական գրականությունում նկարագրված իրավիճակները, մասնագետներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են հայտնել Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարագույն զարգացումների կապակցությամբ։
Խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը որոշում է կայացրել Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողությունն իրականացնել շտապօգնության ռեանիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հատուկ մեքենաներով, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, ինչպես նաև պնդում է, որ կանխատեսելի բարդություններից ու անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում իրականացնել լաբորատոր-գործիքային հետազոտություն։