կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 14:12
Քաղաքական

Վարդան Սեդրակյանը պատմեց, թե իրեն ինչպես կձերբակալեն

Վարդան Սեդրակյանը պատմեց, թե իրեն ինչպես կձերբակալեն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի  թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը վերահաստատեց իր այն կարծիքը, որ նախագահական ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի բացահայտման շրջանակներում:

 

Սեդրակյանը հայտարարեց, որ պետությունն իրեն դեռեւս այդ հանցագործության մեջ պաշտոնապես  չի մեղադրում, հիմա դրա համար ֆոն է ստեղծվում, իսկ պաշտոնական մեղադրանքը կլինի ընտրություններից հետո, երբ արդեն արձանագրված կլինեն իշխանությունների համար ցանկալի թվերն, ու միջազգային դիտորդները հեռացած կլինեն Հայաստանից: Այդ ժամանակահատվածը, ըստ նրա, կհամընկնի փետրվարի 22-25-ն ընկած ժամանակահատվածին:

 

Սեդրակյանը հայտարարեց, որ ամռանից, երբ հայտարարեց իր առաջադրման մասին, մամուլը սկսեց շրջանառել բազմաթիվ հարցադրումներ, թե ինքն ի՞նչ կապ ունի Նաիրի Հունանյանի խմբի եւ հոկտեմբերի 27-ի հետ: Նախագահի թեկնածուն նախ հստակեցրեց, որ Վազգեն Սարգսյանին ճանաչում է 1985 թվականից, իրենց միջեւ եղել են ջերմ, նորմալ հարաբերություններ, ուստի ինքը Նաիրի Հունանյանի հետ կապ ունենալ չէր կարող: Նրա համար մտահոգիչ փաստ է նաեւ, որ դրանից հետո էլ մամուլն իրեն նախ ռուսական, հետո իրանական գործակալ դարձրեց:

 

«Առաջիկայում էլ հարցադրում կլինի, թե մարտի 1-ի հե՞տ ինչ կապ ունեմ, Խոռխոռունու եւ մի շարք այլ սպանությունների հետ... Ստեղծվում է ֆոն, որի նպատակը Վարդան Սեդրակյան տեռորիստի կերպար ստեղծելն է, որից հետո էլ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն իմ վրա բարդելը»,- հայտարարեց Սեդրակյանը:

 

Նա պատմեց, որ երբ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շրջանակներում ձերբակալեցին երկու տղաներին, մամուլը սկսեց իրեն այնպիսի հարցեր տալ, որոնք կարող էին դուրս գալ միայն նախաքննչական մարմիններից: Սեդրակյանը եւս մեկ անգամ հստակեցրեց, որ իր «Վոլվոն» Խաչատուր Պողոսյանին ոչ թե նվիրել է, այլ վաճառել: Ձերբակալվածներից մեկն էլ «կաֆելչիկ» է, որը վերանորոգել է իր ամառանոցը: Սեդրակյանի հարցազրույցներն էլ տղաների մեքենայում հայտնվել են, քանի որ վերջիններս պատրաստակամություն են հայտնել դրանք գումարի դիմաց տարածել:

 

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ առաջիկայում իր հասցեին կհնչեն բազմաթիվ մեղադրանքներ, «ի հայտ կգան» ձայնագրություններ: «Այս ամենի հետեւում կանգնած են ինչ-որ կառույցներ, թե կոնկրետ ի՞նչ կառույցներ են, ես չեմ կարող ասել, բայց որ ամեն ինչ նախապես պլանավորված էր` շուռ տալ իմ դեմ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- հայտարարեց Սեդրակյանը:

 

Նա նաեւ պատմեց, որ ամբողջ Քանաքեռում ձերբակալվածներից մեկի կինն ու զոքանչը հայտարարում են, լուրեր են տարածում, որ Սեդրակյանն է փող տվել, որ Հայրիկյանի վրա կրակեն: Ըստ նախագահի թեկնածուի` ձերբակալվածներից մեկն էլ լուրեր է տարածել, որ իբր Սեդրակյանը պատժիչ ջոկատներ ունի, ու այդ ջոկատի հրամանատար է նշանակել հենց իրեն:

 

Նախագահի թեկնածուն նաեւ մտահոգությունն հայտնեց, որ նոր ձերբակալված մարդկանց լուսանկարները տարածում են, ինչը օրենքի կոպիտ խախտում է:

 

Վարդան Սեդրակյանի պահանջն է, որ համապատասխան կառույցները հանդես գան հայտարարությամբ, եւ ասեն, որ կա'մ ինքը մեղավոր է, կա'մ անմեղ:

 

Ի դեպ, Սեդրակյանը հայտարարեց նաեւ, որ թեմայի վերաբերյալ չի խոսել Պարույր Հայրիկյանի հետ եւ հավելեց, որ նրան անձամբ չի ճանաչում, միայն հեռուստացույցով է տեսել: «Շահարկվեց նաեւ այն, որ ինձ Հայրիկյանի մոտ չթողեցին: Ինչի, սրբի դուռ գնա՞լ էր, չէին թողում: Մտնելու էի, մի հատ էլ բարձի վրա խեղդեի՞»,- հայտարարեց Սեդրակյանը:

 

Նա կարծում է, որ երիտասարդները կամ անմեղ են եւ շատ խոցելի լինելու պատճառով նման ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, կա'մ էլ, իրոք, մեղավոր են եւ այդ կերպ փորձում են շանտաժի ենթարկել իրեն: