Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մամուլի տված հարցերից ես հստակ կարող եմ ասել` բավականին հիմքեր ունեմ հայտարարելու համար, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո, երբ տվյալները կլինեն, եւ բոլոր միջազգային դիտորդներն իրենց կարծիքներն ասելուց հետո հեռացած կլինեն Հայաստանից, փետրվարի 22-25-ը ինձ կձերբակալեն: Հստակ երեւում է քաղաքական պատվերը. լրագրողները տալիս են հարցեր, որ միայն նախաքննությունից կարող էին դուրս եկած լինել»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ասել է նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
«Երբ ես ասացի առաջադրվելու մասին, հունիսին էր: Աշնանը, երբ ներկայացրի ծրագրերը, ասուլիսների ժամանակ սկսվեց շատ տարօրինակ հարցերի շարան: Սկզբում լուրջ չընդունեցի: Սկսում էին ինձ հարցնել իմ կապը Նաիրի Հունանյանի հետ, ես պատասխանում էի, որ, փառք Աստծո, գործը ովքեր քննել են, կենդանի են, հարցրեք իրենց: Տհասներին, որ իմ դեմ հոդվածներ են գրում, ասեմ, որ Վազգեն Սարգսանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իմ ուսանողական ընկերն է եղել, իմ պատմվածքները «Գարուն»-ում տպագրել է հենց Վազգեն Սարգսյանը, ես իրենց հետ մոտ եմ եղել:
Երբ այդ հարցը փակվեց, առաջ եկավ Տիգրան Նաղդալյանի սպանությունը, ասացին, որ կապ ունեմ: Խնդրեմ, եղբա'յր, գործը քննողները ողջ են: Այդ ի՞նչ արտոնություններ ունեմ ես, որ այդ ամենի հետ կապ ունեմ եւ հիմա ազատ ֆռֆռում եմ: Եթե այդպիսի բան կար, որեւէ մեկը բան չասաց, անգամ եղբայրը, չասաց, որ քո պատճառով նստեցի»,- ասել է նախագահի թեկնածուն եւ հավելել, որ հաջորդ փուլերում իրեն մեղադրել են ռուսական եւ ապա՝ իրանական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:
Այնուհետեւ Վարդան Սեդրակյանը խոսել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվածների հետ իր կապերի մասին:
«Այդ երկու ձերբակալվածներից մեկի տունը մեր տան դիմացն է, ինքն արհեստավոր մարդ է, ինձանից 4-5 տարի փոքր: Երկու տարի առաջ տունս վերանորոգելուց ասացի իրեն: Իսկ մյուսին, որ թմրանյութերի վաճառքով է զբաղվում, ծանոթացել էի անցած տարի: Եղվարդում ունեմ առանձնատուն, եւ Սամվելը, ավարտելով վերանորոգումը, գնաց Եղվարդ: Նա տաքսիստի գտավ, եւ տաքսիստը՝ Խաչատուրը, նրանց տանում-բերում էր: Որոշ ժամանակ անց մեքենան վթարի ենթարկվեց: Ես վաճառել եմ հին ավտոմեքենան՝ «Վոլվո»-ն, եւ քանի որ գումար չունեին, պետք է այդ 6 հազար դոլարը վերադարձնեին՝ ամսական 500 դոլար: Երեք ամիսներինն արդեն տվել են:
Այսօր կարդում եմ, որ ահաբեկիչներին մեքենա եմ տվել: Որտեղի՞ց պետք է լրատվամիջոցն իմանա, որ «Վոլվո» եմ իրենց վաճառել: Պարզ է, որ նրանք են պատմել: Ուրեմն կա մեծ արտահոսք: Երեւում է, որ իշխանություններն են սարքել: Մարդկանց ձերբակալել են ու առանց ապացուցելու` անմիջապես հրապարակում են լուսանկարները: Քանաքեռցի են, եւ մեկ թեկնածու կա Քանաքեռից: Նրանք ունե՞ն փաստաբան, նրանց շահերը պաշպանող որեւէ մեկը կա՞: Գնացել են, կրակել են, բերել տվել են զենքը կնոջը: Նույն կերպով վստահ եղեք, որ կան ձայնագրություններ, որ ես վճարել եմ այդ ամենի համար»:
Նախագահի թեկնածուն նշել է, թե կա իր անձի դեմ կազմակերպված գործողություն իշխանությունների կողմից, որովհետեւ ինքը չի խաղում իշխանության խաղը, բացի այդ՝ շատ է քննադատում Սերժ Սարգսյանին:
«Այս պահին ես անձեռնմխելի եմ, ձերբակալման քայլ չեն անի, բայց երբ ամեն ինչ իրենց ուզած սցենարով լինի, ձերբակալվեմ, փորձես արդարանալ՝ էլ ուշ ա: Կներկայացնեն որպես տեռորիստ խմբապետ: Կկազմվի գործ, իսկ դրա մեջ նրանք մեծ վարպետներ են, եւ որեւէ մեկը չի ցանկանա աջակցել մի մարդու, որ ընդամենը տեռորիստ մարդասպան է: Ցանկացած քաղաքացի չի կարող աջակցել տեռորիստի: Պետք է քրեական շատ ծանր հոդված ներկայացնել»,- ասել է նախագահի թեկնածուն ու հավելել. «Եթե կարում եմ հոկտեմբերի 27 կազմակերպեմ, Նաղդալյանին խփեմ ու դուրս գամ, էնքան անճա՞ր եմ դարձել, որ պետք է նարկամանին բան հանձնարարեմ»: