կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-05 12:18
Հասարակություն

Քաղաքացին պատմեց, որ իրեն թալանել են և 8 տարով դատապարտել. Փաշինյանը խոստացավ` գործը ընթացք կստանա

Քաղաքացին պատմեց, որ իրեն թալանել են և 8 տարով դատապարտել. Փաշինյանը խոստացավ` գործը ընթացք կստանա

Այստեղ մի քաղաքացի կար, որ շատ գայթակղիչ բան ասաց, ուզում եմ առաջինը ինքը հարց տա. Գորիսում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ միկրոֆոնը փոխանցեք, որ տա այդ 20 տարվա հարցը»,- ասաց նա:

Քաղաքացին ասաց, որ 20 տարի առաջ ներդրողների միջոցով Կանադայից, Լիբանանից ոսկերչական գործարաններ են տեղափոխել Գորիս, 150 աշխատատեղ ստեղծել, շուրջ 60 հոգի ադամանդագործություն է սովորել Գորիսում: Ըստ նրա` միաժամանակ Ջերմուկ քաղաքում ՌԴ քաղաքացու հետ Ավստրիայից 1.5 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ և նյութեր են բերել ու մոնտաժել, որ պետք է արդեն աշխատեին, սակայն վթարի է ենթարկվել ու մեկ ամիս հեռացել Հայաստանից: «Վերադառնալուց հետո տեսել եմ, որ հոսքագիծը ապամոնտաժել և վաճառել են: Գործադիր տնօրենը ես էի, դիմել եմ այդ ժամանակվա ներքին գործերի նախարարին, դիմումս շուրջ  50 օր մնացել է անպատասխան, ինչից հետո ինձ ու ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանին ձերբակալել են, շինծու գործ սարքել` մի շարք վկաների ներգրավելով: Ինձ դատապարտել են 8 տարի ժամկետով, 20 տարի է` Մուրադ Մուրադյանը փախուստի մեջ է: 23 տարի ես սպասել եմ այս օրվան»,- պատմեց քաղաքացին:

Նա նշեց, որ ցանկանում էր` գլխավոր դատախազը փոխվի, նոր դիմի: «Ուզում եմ հենց հիմա դատախազին դիմել, բայց մտավախություն ունեմ, որ այդ հարուստների ազդեցությունը դեռ կլինի դատախազի վրա»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ այդպիսի մտավախություններ չպետք է ունենա: «Այս գործերին պետք է մոտենանք փաստերի հիման վրա, դուք ինձ մի պատմություն եք ասում, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, լսել եմ ինչ-որ տեղ երևի: Շատ կարևոր են մանրամասները և փաստերը: Պետք է ապահովենք անկողմնակալ քննություն բոլոր գործերի համար: Պատկերացրեք, որ հեղափոխությունից հետո մարդիկ ասեն` վայ ինձնից բան են խլել, հիմա էլ ես եմ գնում, խլեմ, մենք կունենանք աբսուրդ վիճակ: Բայց եթե ձեր ասած դեպքերը դուք փաստերով կարողանաք ապացուցել, ձեր իրավունքները լիարժեք պետք է պաշտպանվեն»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ սա հրապարակային հնչեցվեց, պետք է դիմել դատախազություն, և գործն ընթացք կստանա, եթե դրա հիմքերը լինեն: