կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 12:33
Քաղաքական

Հայ կնոջ սպանությունը հայատյացության դրսեւորում է

Հայ կնոջ սպանությունը հայատյացության դրսեւորում է

Թուրքիայում վերջին շրջանում հայերի նկատմամբ կատարված ոտնձգությունների փաստն այդ երկրում առկա այլատյացության, հատկապես` հայատյացության դրսեւորում է, որ երիտթուրքերից ու Աթաթուրքից մնացած գաղափարախոսության արդյունք է. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Նա նշեց, որ մինչ օրս Աթաթուրքից ժառանգված գաղափարախոսությունը չի փոխվում, ինչի վառ ապացույցն այն է, որ հայ տարեց կնոջ սպանությանը Թուրքիայի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի անդրադարձել: Անդրադարձել են միայն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ովքեր այս հարցի մասին խոսում են որպես գողության փորձի:

 

Ըստ Կիրո Մանոյանի` սակայն Թուրքիայում կան որոշ շրջանակներ, որոնք այս հարցը ներկայացնում են որպես այլատյացության դրսեւորում: Այդ շրջանակները շեշտում են, որ քանի դեռ Թուրքիայում հայ անվանումն ընդունվում է որպես հայհոյանք, կամ Խոջալուի թեմայով հանրահավաքների ժամանակ քաղաքացիները չեն համարձակվում իրենց կարծիքը հայտնել, քանի որ կասեն` դուք հայ եք ու ապօրինի զավակներ եք, այսպիսի դրսեւորումները կշարունակվեն:

 

Մանոյանն ասաց, որ կա կարծիք, թե այս արարքները միտված են Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծավալվող իրադարձություններին եւ կարող են շարունակվել: Բանախոսը նշեց, որ որ պետք չէ հաշտվել այդ մթնոլորտի հետ, այլ միշտ բարձրաձայնել այսպիսի դրեւորումների մասին, քանի որ նման միջադեպերի պատասխանատուն, նախեւառաջ, թուրքական իշխանություններն են: «Պարզ է, որովհետեւ այդպիսի դեպքերը նրանց վարած քաղաքականության արդյունքն են: Այն մարդը, ով Դինքին մեղադրեց թրքատյացության մեջ, այսօր դարձել է մարդու իրավունքների պաշտպան, դրանով արդեն ամեն ինչ ասվում է: Թուրքիայի այն շրջանակները` բավական փոքր, բայց, այնուամենայնիվ, գոյություն ունեցող, որոնք դատապարտում են այս դեպքերը, այս փաստերը կապում են Ցեղասպանոթւյան փաստի հետ` պնդելով, որ դրանք Ցեղասպանության ժխտողականության հետեւանքներն են»,- նշեց Մանոյանը:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ այս համատեքստում Ադրբեջանում դրսեւորվող հայատյացության երեւույթներին ու նշեց, որ այստեղ հայատյացությունը պետական, իշխանական մակարդակով է իրականացվում: