Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից մեկ օր առաջ Նուբարաշենի բնակիչների բողոքով այնտեղ են եղել քաղաքապետարանի և ՔԿՀ-ի ներկայացուցիչները, տեսել վիճակը: «Քաղաքապետարանը խնդրել է մեկ շաբաթ ժամանակ և անմիջապես տեխնիկա է տեղափոխել այնտեղ: Բնակիչները հավատացել են, որ խնդիրը կլուծվի: Դրանից հետո նրանց հանդիպել են ձեր ասած ակցիայի ներկայացուցիչները և ասել` չէ, ի՞նչ մեկ շաբաթ, նրանց չի կարելի վստահել, միացե'ք մեզ, մենք ակցիա պետք է անենք: Բնակիչները որևէ արձագանք չեն տվել, դրա համար էլ նրանք գնացել են այդ միջադեպին»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` բնակիչներն են խնդրել այդ տարաները տանել քաղաքապետին, նա պատասխանեց. «Ճշտումները կկատարեք. տեխնիկայի աշխատելու պայմաններում ինչո՞ւ պիտի նման բան անեին, ուրեմն բնակիչների մեջ նրանք ունեցել են իրենց ներկայացուցիչը: Ի՞նչ է, չեմ հասկանում»:
Բաղդասարյանը նշեց, որ դա պարզապես միտում է, որ կարողանան ուշադրության կենտրոնում մնալ, այլ ոչ թե ակցիա: « Ասում եք` կնոջ նկատմամբ բռնություն, ես այդտեղ հայ կնոջ կերպար չտեսա: Դա անընդունելի է, կեղտաջուր շփել մարդկանց վրա»,- ասաց նա, ապա անդրադառնալով բռնությանը` ասաց. «Ես նմանատիպ երևույթները քննադատում եմ: Համենայն դեպս, դա միտում էր, որպեսզի խաթարեն բնականոն աշխատանքը»:
Հարցին` հնարավոր չէ՞ր առանց բռնություն կիրառելու անել ամեն ինչ, պատգամավորը պատասխանեց. «Դրանով կզբաղվեն իրավապահները»:
Բաղդասարյանը հավելեց. «Եթե ես տղամարդ եմ, պետք է ձեռքերս գրպանում դնեմ, դուք պետք է գաք, ինձ ապտակեք, ես էլ Աստվածաշունչ կարդացող մարդ եմ, մյուս այտս է՞լ պետք է դեմ անեմ»:
Դիտարկմանը` Մարինե Խաչատրյանն ասում է` իր հանդեպ սեռական ոտնձգություն է արվել, Բաղդասարյանն արձագանքեց, որ լկտիությունը պետք է չափ ունենա: «Սա ամբողջ հայոց պատմության մեջ առաջին դեպքն է, որ քաղաքական դաշտում նման հայտարարություն են անում»,- ասաց նա:
Իսկ թե ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի այս դեպքում, պատգամավորը նշեց` իրավապահները կպարզեն: