կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 13:15
Առանց Կատեգորիա

Մի քանի անհատների իշխանությունը

Մի քանի անհատների իշխանությունը

Նախընտրական քարոզարշավի եռուն շրջանն է, թեկնածուները այցելում են մարզեր եւ հիմնականում ընչազուրկ բնակչությանը տալիս խոստումներ` որքան հնարավոր է շատ: Իհարկե, այնպես չէ, որ այդ խոստումների հետ մարդիկ հույսեր են կապում. նրանք սովոր են լսել, ծափահարել ու չհավատալ:

 

Եթե նախագահի մյուս բոլոր թեկնածուները խոստանում են հարկերից ազատում, աշխատանք բնակչության աշխատունակ մասին` 100 տոկոսով, բարձր աշխատավարձեր, բարձր թոշակ, բնակարան` բոլորին եւ գլխից դուրս այլ բաներ, հասկանալի է` մարդիկ չեն եղել իշխանություն, չգիտեն դրա համուհոտը, մոտիկից չգիտեն` ինչ է նշանակում աշխատել օլիգարխիայի հետ ու գլխավորապես՝ նրանց համար, արդարանում են՝ տվեք հնարավորություն եւ կանենք: Բայց երբ խոստումներ է շռայլում մարդ, ով 5 տարի արդեն իշխանության ղեկին է եւ տապալել է ամբողջ խոստացածը, այժմ կրկին խոստանալը նույն մարդու կողմից առնվազն ընդունելի քայլ չէ:

 

«Տնտեսական աճը պետք է տեսանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար, այլ ոչ թե մի քանի անհատների»,- ասել է Սերժ Սարգսյանը Աբովյան քաղաքում: Թե ինչո՞ւ է այս հայտարարությունը հենց Աբովյանում արվում, հասկանալի է, հասկանալի է նաեւ, թե ովքեր են այդ «մի քանի անհատները», նաեւ` Հայաստանի նախագահներն այդ մի քանիսի շարքում որ տեղում են, իրենց ամենամոտ շրջապատը՝ եւս: Եվ ի՞նչ է նշանակում` «պետք է» լինի: Իսկ մինչեւ հիմա պետք չէ՞ր: 5 տարին բավական մեծ ժամանակ է` եթե ոչ արմատական բարեփոխում անցկացնելու, ապա գոնե դրանց սաղմերը գցելու համար:

 

Վարչապետը երջանիկ դեմքով նշում է, որ տնտեսական աճը կազմում է 7 տոկոս: Ո՞ւր է, ինչո՞ւ չի երեւում այդ աճը, կամ ինչո՞ւ է երեւում հենց մի քանի մարդու վրա: Ինչպես կարող է 4 տոկոս տնտեսական աճի դեպքում երկիրը լքել 44 հազար մարդ, 7 տոկոս տնտեսական աճի դեպքում՝ 48 հազար: Բացատրե'ք: Ո՞ւմ են պետք այդ թվերը: Մինչեւ հիմա տնտեսության զարգացումը որքանո՞վ է ազդել մեզ` քաղաքացիներիս վրա: Եվ ինչու այս անտերության համար որեւէ մեկը պատասխան չի տալիս, ընդհակառակը` մարդիկ, որոնց հանրությունը ճանաչում է որպես իրեն ունեզրկողներ, դառնում են նախագահին մերձավորն ու սիրելին` ուղեկցված պաշտոնեական առաջխաղացմամբ:

 

Այսպես եղել է, այսպես է ու շարունակելու է մնալ, քանի դեռ Հայաստանում լուրջ, հիմնահատակ իշխանափոխություն չի եղել: Եվ քանի որ առնվազն առաջիկա 5 տարիներին մեզ իշխել է սպառնում ներկա ղեկավարությունը, նշանակում է, որ նախագահի նշած մի քանի հոգին շարունակելու են իրենց զգալ այս երկրի լիարժեք քաղաքացի` լիարժեք հնարավորություններով: Իսկ մենք շատ լավ ենք տեսնում, թե իրենց ոնց են զգում: Այդ դեպքում ինչո՞ւ ներկայանալ հանրությանը, ինչո՞ւ ասել բաներ, որ պատրաստ չես կատարել, ավելին` որոնց հակառակն ես անելու: Ասեք իրականությունը, մեկ է` Դուք եք ընտրվելու: Չասեք էլ` տեսնում ենք, որ ունենք անտանելի կառավարում, ունենք ժողովրդին չճանաչող կառավարություն, որը աշխատում է հանուն եւ հօգուտ օլիգարխիկ տնտեսության բարգավաճման:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ