Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան հեղինակավոր The Washinghton Post պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ամենահայտնի հետաքննող լրագրողներից մեկի՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայլովայի կալանքին` հրապարակելով ծավալուն հոդված:
Ընդգծում է, որ Իսմայլովան հաճախ նյութեր է պատրաստում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կնքվող խոշոր գործարքների վերաբերյալ: Անդրադարձի հեղինակների համաձայն՝ լրագրողի կատարած աշխատանքը գնահատելի կլիներ աշխարհի ցանկացած երկրում, սակայն այն առավել խրախուսելի է, քանի որ արվում է Ադրբեջանում:
«Վերջին տարիներին Իսմայլովան հետաքննել է իշխանության ղեկին գտնվող Ալիևների ընտանիքի թաքցրած հարստությունը, ինչպես նաև ջրի երես հանել բոլոր այն գաղտնի գործարքները, որոնց միջոցով նրանք տիրացել են այդ հարստություններին: Այժմ իշխանությունները փորձում են լռեցնել նրան` ի ցույց դնելով, թե ինչպես է Ադրբեջանը վերածվել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հակաուտոպիայի»,- գրում է պարբերականը:
Հեղինակները շարունակում են` հիշեցնելով, որ «պարբերաբար իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվող Իսմայլովան 2012թ. նախազգուշական նամակ է ստացել, որում նրանից պահանջում էին դադարեցնել Իլհամ Ալիևի ընտանիքի ու տարատեսակ բիզնես գործարքների միջև եղած կապը բացահայտող հետաքննությունները»:
«Իսմայլովայի աշխատանքին խոչընդոտելու համար նրան մեղադրել են պետական գաղտնիքներն ամերիկացի պաշտոնյաներին փոխանցելու մեջ: Իսկ հոկտեմբերին նրան 4 ժամ շարունակ պահել են Բաքվի օդանավակայնում` թույլ չտալով մեկնել արտերկիր: Այնուհետև՝ դեկտեմբերի 5-ին, նրան ձերբակալել են շինծու մեղադրանքների հիման վրա, ինչի հետևանքով Իսմայլովան քիչ էր մնում ինքնասպան լիներ: Այս ամենից հետո լրագրողը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասել է, որ իրեն ձերբակալելու միակ պատճառն արվող հետաքննություններն են: Նա նաև ասել է, որ կառավարությանն անհանգստացնում է այն, ինչով ինքը զբաղված է»,- նշվում է ամերիկյան հանդեսի անդրադարձում:
Աղբյուրը մանրամասնում է, որ «նախագահ Ալիևի աջ ձեռքը համարվող Ռամիզ Մեհդիևն Իսմայլովայի դեմ ուղղված 60 էջանոց մի մանիֆեստ է հրապարակել, որը խստորեն քննադատում է լրագրողի գործունեությունն ու նշում, որ նա համագործակցում է օտարերկրյա գործակալների հետ»:
Իր անդրադարձում The Washinghton Post-ը գրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության գծով ակտիվիստ Լեյլա Յունուսի մասին, ով շարունակում է անազատության մեջ մնալ, թեև միջազգային հանրությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան:
«Նա ձերբակալվել է հուլիսին` մեղադրվելով պետական դավաճանության մեջ: Յունուսի դատապաշտպաններն ու ընկերներն ասում են, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա ամուսինը ևս բանտարկվել է` համալրելով անհանդուրժող Ալիևի նախաձեռնած բռնաճնշումների հետևանքով անազատության մեջ հայտնված տասնյակ մարդկանց շարքերը»,- գրում է թերթը:
Պարբերականի խմբագրակազմն անդրադարձել է նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի թեմային` գրելով, որ «Ադրբեջանը սիրաշահեց Արևմուտքին իր էներգետիկ հարստություններով ու արժանացավ «Եվրատեսիլ» երգի մրցույթն իր երկրում անցկացնելու պատվին»:
«Կասպից ծովի ափին ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Ալիևը ոչ միայն կործանում է անհատների կյանքը, այլև կապանքների մեջ է պահում ազատության բուն գաղափարը: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է հիշեցնեն նրան, որ իր չար մտադրությունը հաջողություն չի ունենա ու միայն կվնասի երկրին»,- եզրափակում է թերթը:
Թարգմանությունը` Tert.am-ի: