կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-08 20:37
Քաղաքական

Սարգսյանի շտաբն անճշտություններ է հայտնաբերել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում

Սարգսյանի շտաբն անճշտություններ է հայտնաբերել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում

Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացրած զեկույցի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ շտաբը կարեւորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը, քանի որ ճշգրիտ եւ անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձեւավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը:

 

Սարգսյանի նախընտրական շտաբը, սակայն, նշում է, որ զեկույցում հայտնաբերել են որոշ անճշտություններ:

 

«Առաջինը` հեռուստաընկերությունների կողմից թեկնածուներին հատկացվող եթերաժամերի գնահատականը, մեր կարծիքով, ճշգրտորեն չի արտացոլում իրական պատկերը: Համաձայն մի շարք դիտարկող կազմակերպությունների (օրինակ` Երեւանի մամուլի ակումբի), ինչպես նաեւ հենց ԺՀՄԻԳ առաջարկով մշտադիտարկում իրականացնող ՀՌԱՀ-ի տվյալների, առավել շատ լուսաբանվել է Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Սերժ Սարգսյանի լուսաբանումը իր ծավալով զբաղեցնում է երրորդ տեղը: Դիտարկվող մի շարք այլ չափանիշներով մեր թեկնածուն զբաղեցնում է անգամ չորրորդից վեցերորդ տեղերը` զիջելով մյուս թեկնածուներին:



Երկրորդ անճշտությունը վերաբերում է մեր շտաբների տեղակայմանը: Զեկույցում ճշգրտորեն մեջբերած է Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:



Ի դեպ, այդ դրույթը որեւէ քննադատության չի արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովների Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ եզրակացությունում: Համաձայն այդ դրույթի, օրինակ, շտաբներ կարող են տեղակայվել համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում, եթե այդ շենքերը զբաղեցված չեն տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կողմից (համայնքի ղեկավարի, ավագանու, ընտրական հանձնաժողովի եւ այլն): Այսինքն, շտաբները կարող են տեղակայվել, օրինակ մշակույթի պալատում, եթե այնտեղ տեղակայված չեն վերոնշյալ մարմինները: Ցավոք, զեկույցում որպես խախտում մատնանշված օրինակներն անտեսում են oրենքի այդ դրույթը, տարածական մեկնաբանում այն, ինչպես նաեւ որոշ դեպքերում շփոթում ընտրական շտաբները ՀՀԿ տարածքային գրասենյակների հետ:



Այսպես օրինակ` զեկույցում նշվում է, որ Արմավիր, Էջմիածին եւ Մեծամոր քաղաքներում շտաբը գտնվում է համայնքային շենքերում: Իրականում Արմավիրում շտաբը վարձակալում է տարածք մշակույթի պալատից, Էջմիածնում` մասնավոր անձից, Մեծամորում` մասնավոր հյուրանոցից: Զեկույցում նմանատիպ անճշտություններ առկա են Արեւադաշտի, Ծաղկահովիտի, Արագածի, Կարբիի, Ագարակի հետ կապված:



Կենտրոնական շտաբը իր պատրաստակամությունն է հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկելու վերոնշյալ հարցերը, ինչպես նաեւ տրամադրելու անհրաժեշտ այլ տեղեկություններ հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար»,-նասված է շտաբի տարածած հայտարարության մեջ: