կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 18:50
Քաղաքական

Արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար:


Նախարար Նալբանդյանը վերահաստատեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը։ Նախարարն ընդգծեց, որ միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ընդունվել և ուժի մեջ է  մտել  նոր Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը։


Դեսպան  Տալյավինին շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ՀՀ կառավարության կողմից հղած հրավերի համար և վստահեցրեց, որ դիտորդական առաքելությունը անաչառ կլինի:


Նախարարը նշեց, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով։ Այդ առաջարկությունների իրագործման համար  անցյալ տարվա օգոստոսին ՀՀ Նախագահի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել։


Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և շուրջ 250 կարճաժամկետ դիտորդներ:


Նախարար Նալբանդյանն, իր հերթին, վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու դիտորդական առաքելության աշխատանքներին: