կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 19:19
Սպորտ

Ենգիբարյանը մնաց Հայրիկյանի "ստվերում"

Ենգիբարյանը մնաց Հայրիկյանի "ստվերում"

Օրեր առաջ ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով տեսա լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին ռեպորտաժ: Հետաքրքությունս ստիպեց հետևել հայկական հեռուստաալիքներին: Նպատակս մեկն էր՝ համեմատությունը:


Սկսվեց լուրերի հերթական թողարկումը: Գլխավոր թեմա՝ Պարույր Հայրիկյանի մահափորձի նոր մանրամասներ, հաջորդիվ՝ Հայրիկյանին այցելեց սա, նա, մյուսը... Հայրիկյանը ինքնուրույն քայլեց: Հայրիկյանը խոսեց հավաքվածների հետ... Այդ ամենը՝ առանձին ռեպորտաժներով, ամբողջ օրվա ընթացում պտտվում էր էկրաններին:

 

«Դե, երեևի մարզական բաժնում ցույց կտան»,- համոզում էի ինքս ինձ, որ ամեն ինչ կորած չէ:

 

Մեկ մարզական հաղորդագրություն. «2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում 81 տարեկանում մահացել է Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել էր 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի եւ վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի»:


Այդ ինչպե՞ս եղավ, որ Պարույր Հայրիկյանի այցելուներին ներկա-բացակա անելն ավելի կարևոր է, քան օլիմպիական չեմպիոնի մասին ռեպորտաժ պատրաստելը: Ի՞նչ է սա՝ անտարբերություն, անուշադրություն, արժանին գնահատելու ունակության բացակայություն, թե՞ պարզապես վատ հեռուստատեսություն:

 

Նույնն էլ եղավ Հայաստանի վաստակավոր արտիստ, ասմունքող, դերասան Վլադիմիր Աբաջյանի մահվան լուրի հետ: ԶԼՄ-ները և հեռուստատեսությունը այդ ժամանակ ողողված էին քրեական հեղինակություն Դեդ Հասանի մահվան լուրերով՝ «Սպանվեց Դեդ Հասանը», «Ով էր պատվիրել Հասանի մահը», «Ով կլինի գահին Դեդից հետո», «Ինչ կլինի քրեական աշխարհի հետ» և նմանատիպ տասնյակ հոդվածներ և ռեպորտաժներ, անգամ` հատուկ թողարկումներ, հետաքննություններ: Աբաջյանի մասին խոսվեց` չխոսվելու չափ:

 


Ասում են` ինֆորմացիան «կերակուր» է, եթե այդպես է, ուրեմն մեր երկրում մարդիկ վաղուց տառապում են «ստամոքսի խանգարումից»: Այս ամենի ելքն էլ նման է Մալևիչի հանրահայտ «Սև քառակուսու» սպիտակ կետին, որը գտնելն այնքան դժվար է, որքան դժվար է ընկալել նկարի միտքը:

 

Շուշանիկ Հակոբյան
Մոսկվա