կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 13:15
Սպորտ

Մահացել է Վլադիմիր Ենգիբարյանը

Մահացել է Վլադիմիր Ենգիբարյանը

2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում 81 տարեկանում մահացել է Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել էր 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

 

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի եւ վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը 2009-ին Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն պարգեւներ:

 

2012-ին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, Երեւան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց: Բացի այդ, բռնցքամարտի դպրոցն անվանակոչվեց հիմնադրի՝ Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում, հայտնում է ՀԱՕԿ կայքը: