կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 09:39
Քաղաքական

Վարչապետի շատ ուշագրավ հայտարարությունը ստվերում մնաց

Վարչապետի շատ ուշագրավ հայտարարությունը ստվերում մնաց

Զարուհի Փոստանջյանի հարցի շուրջ ստեղծված աղմուկը խլացրեց Ազգային ժողովում նույն օրն արված մի հայտարարություն, որի հեղինակը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

 

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ի պատասխան ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցի՝ հայ-ռուսական գազային պայմանագիրը տրամադրելու վերաբերյալ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պայմանագիր դեռ չկա ու երբ լինի, այն անպայմանորեն ներկայացվելու է պատգամավորներին: Թվում է, որ հասարակության ուշադրությունը պետք է գրավեր այս հայտարարությո՛ւնը, ոչ թե Զարուհի Փոստանջյանն ու նրա հարցը: Սակայն հասարակությունը անհաղորդ մնաց:

 

Մինչդեռ, խորհրդարանում երեկ պարզվեց, որ առնվազն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ամիսներ շարունակ հրապարակավ սուտ է խոսել, իսկ կառավարությունը, իշխանությունը ամբողջությամբ ուղղակի լսել է նրա սուտը եւ չի փորձել փակել ստախոսի բերանը: Այսինքն՝ Արմեն Մովսիսյանը մի քանի ամիս է՝ գազի գնի թանկացման` «ՀայՌուսգազարդի» հայտին զուգահեռ հայտարարում է, թե կոնկրետ չի հիշում՝ երբ է Ռուսաստանը թանկացրել Հայաստանի գազը, բայց դա եղել է ընտրություններից հետո: Նկատենք, Արմեն Մովսիսյանը չէր ասում, թե թանկացման հայ-ռուսական պայմանագիր դեռ չկա, ի՜նչ թանկացում, ի՜նչ բան:

 

Նա ընդամենը ասում էր, որ չի հիշում, թե կոնկրետ որ օրն էր թանկացումը: Եվ այս ամենը Մովսիսյանը ասել է մի քանի անգամ ու հրապարակավ: Այսպիսով՝ տեղի է ունեցել հասարակության հանդեպ մեծ խաբեություն, քանի որ հիմա պարզվում է, որ գազի գնի նոր պայմանագիր չկա: Ընդ որում՝ չի հայտարարվում, որ կա նոր գնի սահմանման որեւէ այլ իրավական փաստաթուղթ: Հետեւաբար, կա՛մ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իշխանությունը պարզապես ամենացինիկ ձեւով խաբել է, կամ էլ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են որակապես լիովին այլ մակարդակի, եւ այստեղ արդեն փաստաղթղթերի կարիք չի զգացվում...»,- գրում է «Ժամանակը»

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: