Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն պատասխանեց yerkir.am-ի հարցերին եւ որոշ մանրամասներ հայտնեց: Մասնավորապես`որ ինքն իր թեկնածությունն առաջադրել է, քանի որ չի ցանկացել հազարավոր մարդկանց առանց թեկնածուի թողնել, իսկ հիմա տեսնում է, որ ավելին էլ է հնարավոր անել, եւ համոզված է, որ ինքը հաղթող թեկնածուներից մեկն է:
Առաջադրվելով այս ընտրություններում` Բագրատյանը համոզված է, որ արդեն լուծել է մի հսկայական հարց` տասնյակ, հարյուրհազարավոր մարդիկ, ովքեր չէին իմանալու, թե ինչ անեն իրենց ձայնը, հիմա գիտեն` ում տան այն: Նա ցանկացել է, որ ազատական ուժերն իրենց թեկնածուն ունենան` ի դեմս իրեն, եւ հետագայում էլ մտադիր է այդ ուժերին պահել իր ուշադրության կենտրոնում:
Այս ընթացքում Բագրատյանը բանակցություններ է վարել տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց դեռեւս լուրջ համաձայնությունների չեն եկել, այդ պատճառով ինքը դեռ չի հրապարակում իր դաշնակիցների անունները, որոնք, ըստ նրա, երկու տասնյակից ավելի հայտնի քաղաքական գործիչներ են:
Հրանտ Բագրատյանը նշում է, որ ինքը շատ է սիրում խորապես վերլուծել երեւույթները, «ցիկլերի» տեսության հիմնադիրն է, եւ պնդում է, որ սոցիալիստական ու ազատական ուժերն իրար հետ միշտ փոխատեղվում են, որովհետեւ դա բնական երեւույթ է եւ կապված է հասարակության քաղաքական եւ տնտեսական կենտրոնացման ու ապակենտրոնացման միտումների հետ:
Դեռ պարզ չէ` Բագրատյանը առաջիկա ընտրություններից հետո հանդես կգա՞ որպես ինքնուրույն` առանձին խաղացող ֆիգուր, թե՞ էլի ինչ-որ ուժերի, դաշինքների կամ միությունների կազմում կներկայանա հանրությանը: Բայց շատ հավանական է համարում առանձին հանդես գալը: Թեեւ նա չի ընդունում տեսակետը, թե այս ընտրությունները հենց «առանձնանալու» առիթ հանդիսացան իր համար, եւ «առանձին» ձեւակերպումն էլ խիստ չափազանցված է համարում, քանի որ լուրջ ուժերի հետ է բանակցում, բայց ակնարկում է, թե հնարավոր է` հայտարարի նոր ուժի մասին` վերաձեւակերպելով, վերաձեւավորելով հիմնականում ազատական դաշտը:
Ինչ վերաբերում է Բագրատյանի ծրագրային դրույթներին, ապա նա այն կարծիքին չէ, թե մեծ տեղ հատկացնելով տնտեսական դրույթներին, աչքաթող է արել արտաքին, ներքին քաղաքականության դրույթներն ու մնացած բլոկները: Ընդհակառակը` համոզված է, որ միայն ինքն է հստակ ու կոնկրետ գրել քաղաքական ռեֆորմների, դատական համակարգի ռեֆորմների, սահմանադրական փոփոխությունների, արտաքին քաղաքականության բոլոր որոշումները, համայնքային որոշումները հանրաքվեով ընդունելու մոդելների մասին եւ այլն:
Այս ամենը, ըստ Հրանտ Բագրատյանի, միայն ինքն է առաջարկում, եւ սա նորագույն արեւմտյան կուլտուրան է, որ միայն ինքն է ցանկանում բերել:
Իսկ Հայաստանում այլ իրողություններ են գործում` թաղային հեղինակություններն են հաղթում ընտրություններում: Այս համատեքստում էլ համոզված է, որ Սերժ Սարգսյանն իրեն չի կարող հաղթել, բայց մի թաղային հեղինակություն, ով փող է ծախսում, կարող է:
Այս պայմաններում Բագրատյանը հաջողության հասնելու միջոցը համարում է հանրության հետ անմիջական շփվելն ու իր գաղափարները տարածելը: Ու թեեւ իր զավակները խստորեն դրել են Հայաստանը լքելու հարցը, բայց Հրանտ Բագրատյանը չի պատրաստվում լքել երկիրը:
Զրուցեց` Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ