կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 20:00
Քաղաքական

Ազգովի հանդես ենք գալիս որպես տուժող կողմ. Գալուստ Սահակյան

Ազգովի հանդես ենք գալիս որպես տուժող կողմ. Գալուստ Սահակյան

ՀԿ գլխավոր գրասենյակում ավարտվեց աշխատանքային հանդիպումը, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

 

Աշխատանքային հանդիպման ժամանակ եղել են նաեւ քննարկումներ Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպի շուրջ, բայց դրանք այն քննարկումները չէին, որոնք պետք է որոշակի վերլուծությունների ենթարկել. խորհրդակցությունից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

Կապված միջադեպի հետ` ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ որեւէ վարկած չի կարելի քննարկել եւ չենք էլ կարող քնարկել: «Առայժմ պիտի ասեմ, որ պիտի անսանք, որ առողջանա պարոն Հայրիկյանը: Իհարկե, մամուլում խոսք է գնում, եւ մենք էլ ենք այն տեսակետին, որ դա ուղղված էր պետության դեմ, որ դա փորձ է նաեւ` ընտրության ընթացքը խաթարելու, առավել եւս, ես կարծում եմ, որ ամբողջ ազգով այսօր հանդես ենք գալիս որպես տուժող կողմ»,- նշեց նա:

 

Գալուստ Սահակյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության բնույթը կփոխվի, քանի որ բոլորն էլ որոշակիորեն պասիվության մոտեցումների մեջ են, բայց նաեւ քարոզարշավը չի կարելի դադարեցնել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե կլինեն նաեւ շեղումներ ՀՀԿ-ի` նախնական գծված քարոզարշավի սխեմայից, եւ այսօր էլ արդեն եղան, որովհետեւ քարոզչության դուրս չեն եկել քաղաքական ուժերը: Իսկ վաղը ՀՀԿ-ի ընդհանուր քարոզչական մեքենան կաշխատի, բայց, Գալուստ Սահակյանի կարծիքով, նախագահի այցերի գրաֆիկի փոփոխություններ տեղի կունենան:

 

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցին, ապա Գալուստ Սահակյանը համարում է, որ դա պարտադիր է, բայց նաեւ կապված է թեկնածուի մոտեցումներից:

 

«Դեռեւս ոչ մի թեկնածու չի դիմել, որ իր կողքերն անվտանգության մարդիկ լինեն, ավելի շատ վանում են, իսկ մենք կարծում ենք, որ պետք է թեկնածուն, եթե վանում են անվտանգության մարմիններին, գոնե սեփական ուժերով պաշտպանվի: Չի կարելի թեկնածուին մենակ թողնել, մանավանդ տուն գնալիս` այդ մութ ժամերին»,- նշեց Գալուստ Սահակյանը:

 

ՀՀԿ փոխնախագահը նաեւ անհեթեթություն է համարում, թե Պարույր Հայրիկյանի հետ պատահած միջադեպը ստվեր է գցում Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի վրա: