կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 13:44
Առանց Կատեգորիա

Խնամված կրակոց, կամ ո՞վ է կրակողը

Խնամված կրակոց, կամ ո՞վ է կրակողը

Իշխանությունն այնքան է կեղծել այս կամ այն փաստը, որ արդեն կարգին չի էլ կարողանում արդարանալ մի բանում, որում, կարծես, մեղք չունի: Անձամբ ես կարծում եմ, որ ունի: Չէ՞ որ բոլոր աղմկահարույց հանցագործություններին իշխանության այս կամ այն մարմինը, այս կամ այն ներկայացուցիչը մաս է կազմել: 

 

Այսօր հայտարարում են, թե կրակոցն իշխանությանը ձեռնտու չէր: Հարցեր են առաջանում՝ երբ մարտի 1-ին սպանվեց 10 հոգի, դա ձեռնտո՞ւ էր իշխանությանը: Երբ հարձակվում են լրագրողների վրա, դա ձեռնտո՞ւ է իշխանությանը: Համենայն դեպս իրենք են, չէ՞, արդարանում, որ լրագրողը սադրել է քաղաքական գործչին: Պարույր Հայրիկյանի «հագո՞վ» պիտի կարեիք ձեր ինքնախոստովանությունները, ձեռքի հետ էլ ակնարկելով, որ Հայրիկյանն այն ֆիգուրը չէր նախագահի ընտրություններում, որ նրա վրա կրակեինք: Էլի որ` դուք չեք, բայց ձեր համար, փաստորեն, կան իրավիճակներ, երբ ձեռնտու է կրակելը: Ու սա, կարծես, այդ դեպքը չէ: 

 

Վարդան Օսկանյանն ասում է, որ ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց, որովհետեւ վախենում էր քաղաքացիական պատերազմից: Ու իշխանությունը չհակադարձեց, թե` էս ի՞նչ ես խոսում, այ մարդ: Որովհետեւ ձեր շփման մշակույթի մաս է կա'մ քաղաքացիական պատերազմը, կա'մ այս ընտրությունների 7 թեկնածու մրցակիցները: Դուք եք ասում` ձեզ ձեռնտու չէր կրակելը: Ուրեմն` եղել են վիճակներ, երբ ձեզ ձեռնտու էր, ու Հայրիկյանի հետ կատարվածն այդ դեպքերի հետ եք համեմատել: 

 

Շատ տարօրինակ քրեագետներ եք, գիտե՞ք: Թվարկեք այն իրավիճակները, երբ ձեզ ձեռնտու է կրակելը: Ես փորձեմ մի քանիսը թվարկել՝ մարտի 1, ԲՀԿ-ի ինքնամեկուսացում, Օսկանյան-Զուրաբյան  հեռախոսազրույցի ձայնագրություն, «թարս բուսած խիյարի» գաղափարախոսություն: Սրանք բոլորը ձեզ ձեռնտու են եղել: 

 

Բոլոր այս իրավիճակներից շահած եք դուրս եկել: Բայց ձեր վերջին հայտարարությունը, որ Հայրիկյանի հետ պատահածը ձեզ ձեռնտու չէր, այնքան էլ լավ չեք մտածել՝ դուք, փաստորեն, քիլերների երկու ճամբարի գոյության ինքնախոստովանություն եք անում: Մենք արդեն գիտենք ձեր քիլերներին, մյուս ճամբարի քիլերներն էլ «օրենքով» պիտի ձեզանից լինեն՝ ինչո՞ւ են Հայրիկյանի վրա կրակում: Ձեռագիրը ձերն է, նույնիսկ եթե կրակողը դուք չեք: Իրողությունը ձեր «школа»-ն է: Նա, ով կրակել է, դրանից բացի` ուրիշ ոչինչ չէր կարող անել:

 

Վարդան Օսկանյանի վերոհիշյալ հայտարարությունը, որն ավելի վաղ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն էր արել, հենց այդ «школа»-ի նկարագրությունն է: Հեռուստաընկերությունները ջանքեր չեն խնայում` հասկացնելու, որ կրակողն իշխանությունը չէ: Ժողովո'ւրդ, գիտենք, բայց համաձայնեք, որ խնամված կրակոց է: Այսինքն` ձեռագիրն իշխանությանն է, բայց կրակողն ինքը չէ: 

 

Չեմ բացառում, որ ինչ-որ մեկը շատ է ջանում այս ընտրությունները դարձնել մրցակցային: Ճիշտ է` հայկական ձեւով, որովհետեւ եվրոպական ձեւով այս ընտրությունները մրցակցային դարձնելու ոչ մի տարբերակ այլեւս չկա: Ժամանակ չկա: Ամենասարսափելին սակայն այն է,- եւ սա հիմնական փաստարկն է իշխանության դեմ,- որ հանցաշխարհը նույնպես ձեզ հետ է: Հետեւաբար, այսպես թե այնպես, կրակողը դուք եք՝ իշխանությունը:


Սեյրան Հանոյան