Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի թեկնածու Հայրիկյանը շատ հետաքրքիր լուծում է առաջարկել հայոց էլեկտորատին: Ընտրելով որևէ այլ թեկնածուի, ասել է նա, դուք ընտրում եք միայն այդ թեկնածուին, իսկ ընտրելով Հայրիկյանին՝ ընտրում եք և' Հրանտ Բագրատյանին, և' Րաֆֆի Հովհաննիսյանին, և' Սերժ Սարգսյանին: Հայրիկյանի այս հայտարարությունը, բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացրել նշված թեկնածուների շտաբներում: Հայրիկյանն այնքան է ոգևորվել իր ձեռքբերումներով, որ մտադիր է հաջորդ անգամ պահանջել, որ ընտրաթերթիկում գրեն միայն իր անունը: Այդպես, ըստ նրա, բոլորն էլ կընտրվեն, նույնիսկ ինքնաբացարկված Արամ Հարությունյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեծ-մեծ գործերով աչքի չի ընկել, եթե հաշվի չառնենք այն, որ առավոտյան հայելու առաջ փորձել է ձեռքով բարևել ինքն իրեն: Նրա մոտ ոչինչ չի ստացվել, որովհետև, երբ ինքը աջ ձեռքն է մեկնել, հայելային Րաֆֆին մեկնել է ձախը, իսկ երբ ձախն է մեկնել՝ դիմացինը առաջ է բերել աջը: Ականատեսների վկայությամբ՝ պայքարը տևել է մոտ երկու ժամ:
Ինչպեսև սպասվում էր, Րաֆֆին, Հրանտը և Պարույրը չեն ընդունել իրենց գործընկեր Արման Մելիքյանից կատարած գրագողության փաստը, որ նույն Արման Մելիքյանից մեկ օր ուշ հայտնաբերել էր այս ընտրություններում ինքնաբացարկի տեսության հիմնադիր Արամ Հարությունյանը: Այս դեպքից հետո նա վերջապես կարգախոս է ընտրել՝ «Բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես»:
Անդրիաս Ղուկասյանի հացադուլն արդեն սպառնում է նրա առողջությանը: Սերժ Սարգսյանն այժմ հաղթելու երկու ճանապարհ ունի՝ կա'մ համոզել Անդրիասին՝ դադարեցնել հացադուլը, կա'մ փրկել ՀՀ քաղաքացու կյանք՝ հանելով սեփական թեկնածությունը: Դատելով այս օրերին Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթներից, վերլուծաբանները պնդում են՝ Սարգսյանն ամեն ինչ կանի, որ Անդրիաս Ղուկասյանը ապրի ապահով Հայաստանում:
Հրանտ Բագրատյանն էլ համախոհներին հրավիրել է Ազատության հրապարակ՝ ամսիմեկյան ավանդական հանդիպման: Դատելով այն հանգամանքից, որ հունվարի 28-ից նրա համախոհներն են նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը, սպասվում է, որ նրանք նույնպես ներկա կլինեն այդ հանդիպմանը, որի մասին Բագրատյանն ասել է՝ խոսելու շատ բան կա:
Ավարտելով՝ նշենք, որ քարոզարշավի 11-րդ օրը հատկանշական միջադեպեր և պատահարներ չեն գրանցվել: Թեկնածուների հետ հանդիպման գնացած բոլոր ընտրողներն էլ ողջ-առողջ են, իսկ նրանց թանին նույնիսկ թթու ասող չի եղել:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ