կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 11:21
Հասարակություն

Հայաստանում ավտոբուսներ կարտադրվեն

Հայաստանում ավտոբուսներ կարտադրվեն

Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որը կթողարկի միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ։ 

 

ՀՀ կառավարության` երեկ տեղի ունեցած նիստում թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը  35 տարի ժամկետով վարձակալության հանձնել MedAK GmbH գերմանական ընկերությանը`  ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար։
Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարվա համար կազմում է 1 մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։ 

 

Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել միջին և մեծ տեղատարողության մեքենաների /ավտոբուսների/ արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

Գործարանին անհրաժեշտ սարքավորումները և պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը։  Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս։ Դրանք անաղմուկ են, հարմարավետ նստարաններով, ունեն օդորակման համակարգ։

 

Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի։ Մեր մասնագետները կվերաորակավորվեն ընկերության գործարաններում։ 

 

Այս նախաձեռնությանը հիմք է դրվել դեռևս 2 տարի առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և Ashok Leyland կազմակերպության գործադիր տնօրեն Պիեռ Գուստավի հանդիպման ընթացքում: Իսկ արդեն 2012թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին նրանց հանդիպման ժամանակ քննարկվել են գործարանի հիմնադրման և արտադրության կազմակերպման մանրամասները:

 

Հայաստանում արտադրվող ավտոբուսները զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից։

 


Գործարանի շինարարությունը կմեկնարկի  2013թ. առաջին եռամսյակում։ Մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները։

 

Ashok Leyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ։ Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից։